Հայաստանի Հանրապետությունը մշտապես կատարելագործում է ներքին օրենսդրությունը եւ բարեխղճորեն իրականացնում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին:

«Հայաստանի խորհրդարանի կողմից այս տարվա մայիսին վավերացվել են 2005 թվականի «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիայի փոփոխությունները» եւ ընդունվել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում համապատասխան լրացումներ կատարելու մասին օրենքը՝ կապված միջուկային նյութերի հաշվառման եւ հսկողության հետ:

Մոտ ապագայում կստորագրվի միջուկային անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ համագործակցության մասին համաձայնագիր: Այն հնարավորություն կտա.

- զարգացնել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության ենթակառուցվածքը՝ ռուսական նախագծերով նոր միջուկային էներգաբլոկների կառուցմանը նախապատրաստվելու համատեքստում,

• կազմակերպել միջուկային անվտանգության ոլորտում մասնագետների պատրաստում, վերապատրաստում եւ որակավորման բարձրացում՝ հաշվի առնելով ՄԱԳԱՏԷ-ի խորհուրդները,

• ընդլայնել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության շրջանակները:

2012թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ ստորագրվեց էներգետիկայի, ներառյալ՝ միջուկային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման մասին հուշագիր: Փաստաթուղթը թույլ է տալիս մեր երկրների միջեւ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ավելի սերտ համագործակցություն զարգացնել: Այդ հուշագրի շրջանակներում արդեն իրականացվել է երկու հաջող նախագիծ:

ՄԱԳԱՏԷ-ի եւ միջազգային փորձագետների աջակցությամբ հսկայական աշխատանք է տարվել Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գործող էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ: 2012թ. պլանային-նախազգուշական նորոգումների ժամանակ հենակետային կառուցվածքներ են տեղադրվել անվտանգության տեսանկյունից կարեւոր հիմնական համակարգերի եւ բաղադրիչների սեյսմակայունությունն ուժեղացնելու համար: Դրանով ավարտվեցին «ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության վերագնահատման ծրագրի» երրորդ՝ վերջին փուլի աշխատանքները՝ համաձայն ՄԱԳԱՏԷ-ի մշակած տեխնիկական պահանջների: Այսպիսով ՀԱԷԿ սեյսմիկ անվտանգության ծրագրային մակադրակն ապահովված է:

2011թ. անցկացված «ՕՍԱՐՏ» առաքելության խորհուրդներով վերանայվել է «ՀԱԷԿ շահագործման անվտանգության բարձրացման ծրագիրը»: ՀԱԷԿ-ը ներկա պահին իրագործել է առաքելության հիմնական առաջարկություններն ու խորհուրդները: 2013թ. կայացել է ՄԱԳԱՏԷ-ի «ՕՍԱՐՏ» կրկնակի առաքելությունը, որը բավարար առաջընթաց է արձանագրել իրականացվող աշխատանքներում, բայց նաեւ վեր է հանել խնդրահարույց հարցեր՝ կապված մասնավորապես ռադիոակտիվ թափոնների կառավարման հետ:

Եվրամիության տեխնիկական աջակցության շրջանակներում մասնագետներն արդեն սկսել են «Ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության» մշակումը:

Ցանկանում եմ նաեւ Ձեզ տեղեկացնել, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Աշխատած միջուկային վառելիքի հետ անվտանգ վարվեցողության եւ ռադիոակտիվ թափոնների հետ անվտանգ վարվեցողության միացյալ կոնվենցիան»:

Հայկական կողմը Եվրամիության օժանդակությամբ ավարտել է գործող էներգաբլոկի վրա սթրես-թեստի աշխատանքները: Հաշվետվությունը քննարկման է ներկայացված Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե: Կոմիտեի փորձագիտական եզրակացության հետ այն մինչեւ այս տարեվերջ կփոխանցվի Եվրամիության համապատասխան մարմիններին:

Այժմ իրականացվում են ՀԱԷԿ հիմնական համակարգերի, կառուցվածքների եւ բաղադրիչների ներկայիս վիճակի մոնիթորինգի եւ մնացորդային պաշարի գնահատման աշխատանքները: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագիրը քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Այս տարվա սեպտեմբերից ռուսական կազմակերպությունների կողմից սկսվել են Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները: Մեզ համար, իհարկե, դա շատ կարեւոր է:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ դիմել ՌԴ պատվիրակության ներկայացուցիչներին խնդրանքով, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեսուրսի երկարաձգման աշխատանքներում առավելագույնս ներգրավվեն նաեւ մասնագիտացված կազմակերպություններ Հայաստանից:

Հայաստանը հաստատում է իր մտադրությունը զարգացնել միջուկային էներգետիկան, եւ այդ ուղղությունը առանցքային տեղ է զբաղեցնում էներգետիկայի զարգացման ծրագրում: Միայն ԱԷԿ-ի առկայությունը բազային էլեկտրաէներգիայի արտադրման կառուցվածքում մեզ թույլ կտա պահպանել երկրի էներգետիկ անվտանգության եւ անկախության պատշաճ մակարդակը»,-ընդգծել է Հանրապետության նախագահը:

Նշելով, որ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ՀԱԷԿ-ի, «Հայատոմ» ինստիտուտի եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ համատեղ մեծ աշխատանք է իրականացրել, Հանրապետության nախագահն ընդգծել է, որ, այդուհանդերձ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի եւ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունների հանձնարարականները ՀԱԷԿ ղեկավարության կողմից ժամանակին եւ որակով կատարելու նպատակով: Մասնավորապես՝ անհրաժեշտ է շտապ կատարել միջին ակտիվության թափոնների համապատասխան ծավալի ապահովման եւ պահպանության պայմանների բարելավման աշխատանքները, ինչպես նաեւ իրականացնել հերմոծավալի խտության բարձրացման միջոցառումներ:

Նախագահը խոսել է նաեւ ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի պատրաստման եւ վերապատրաստման համար անհրաժեշտ պայմանների լիարժեք ապահովման կարեւորության մասին, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են: Դրանք ավարտին հասցնելու համար Սերժ Սարգսյանը ՀԱԷԿ-ի ղեկավարությանը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության օժանդակությամբ ապահովել անհրաժեշտ միջոցների ներգրավումը:

Հանրապետության nախագահը ՀԱԷԿ-ի ղեկավարության ուշադրությունն է հրավիրել այն հարցի վրա, որ անհրաժեշտ է ատոմային էներգետիկայի ոլորտի կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի պահպանվի եւ զարգանա գոյություն ունեցող ենթակառուցվածքը:

Նախագահի բացման խոսքից հետո, խորհրդի անդամներին անցած նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին մանրամասն տեղեկատվություն են տրամադրել ՀԱԷԿ տնօրենը եւ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավարը: Նիստի մասնակիցներին ներկայացվել են նաեւ Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի հաշվետվությունը եւ Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը: