2013թ. նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել ԵՄԽԽ Խորհրդատվական խորհրդի տասնչորսերորդ նիստը: Նիստը համանախագահել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան եւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
ԵՄ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ԵՄ խորհրդատվական խումբն իրականացրել է Հայաստանի հիմնական մարտահրավերների եւ իր աշխատանքների գնահատում: Հաշվետվության մեջ մասնավորապես մեծ ուշադրություն է հատկացվել քրեական, վարչական եւ քաղաքացիական արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Ներկայացվել են նաեւ առաջարկություններ մասնավորապես մարդկանց թրաֆիքինգի, կիբերհանցագործության, փողերի լվացման եւ ֆինանսական հանցագործությունների ոլորտներում երկրի մարտահրավերների վերաբերյալ:
Բացերը դեռեւս շարունակվում են մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտներում: Հաշվետվության մեջ առաջարկվում է հզորացնել Ազգային ժողովի վարչարարական կարողությունները, ամրապնդել կապերը քաղաքացիական հասարակության հետ, ինչպես նաեւ հասցեագրել մարդու իրավունքների խթանման վերաբերյալ ԵՄ եւ միջազգային պայմանագրերի առաջարկությունները: Հաշվետվության մեջ նշվել է նաեւ քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների, ինչպես նաեւ նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման մասին:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան հաշվետվության մասին ասել է. «Մինչեւ այժմ արձանագրված առաջընթացը խրախուսիչ է, սակայն Հայաստանում բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել ավելի շատ աշխատանքներ:»
Խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ կառավարությունից եւ Ազգայն ժողովից, ինչպես նաեւ ներկայացուցիչներ ԵՄ անդամ պետությունների դեսպանատներից եւ միջազգային կազամակերպություններից, այդ թվում` ՄԱԶԾ-ից:




























