Բաքվի քաղաքային իշխանությունները ճանապարհը սալիկապատել են քրիստոնեական գերեզմանոցի տապանաքարերով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Խոսքը Ռասուլզադե ավանի  ճանապարհի մասին է: Փողոցներից մեկում եւ մայթեզրին բնակիչներն իրենց ոտքի տակ հայտնաբերել են գերեզմանաքարեր, այդ թվում՝ հանգուցյալների պատկերներով: Տեղի իշխանություններն իսկույն հայտարարել են, որ այդ չարաբաստիկ ճանապարհի հետ կապ չունեն:

Պարզվել է, այստեղ նոր ջրագիծ են անցկացրել: Սակայն «Ազերսուի» աշխատակիցները, ավարտելով գործը, հեռացել են՝ տարածքը թողնելով կիսաքանդ վիճակում, եւ միայն տեղի բնակիչների  համառ պահանջներից հետո  մերձակա տարածքից  որոշակի քանակության հող էին բերել, ընդ որում բուլդոզերները փորել եւ քանդել էին ճանապարհին պատահած ամեն ինչ:  

Նշենք, որ մահմեդական գերեզմանների շիրմաքարերին դիմանկարներ չեն արվում: Եվ տվյալ դեպքում, անկասկած,  հավատացյալների ոտքի տակ հայտնվել էին քրիստոնեական գերեզմանաքարեր, հիմնականում՝ հայկական եւ ռուսական: Սա Բաքվում քրիստոնեական գերեզմանների պղծման առաջին դեպքը չէ, որը բացահայտ դրսեւորում է իշխանությունների վերաբերմունքը այլ կրոնի եւ ազգության ներկայացուցիչների նկատմամբ: