Մաշտոցի պողոտայում երեկ՝ նոյեմբերի 5-ին, տեղի ունեցած բախումների հետեւանքով բերման ենթարկվածների մեջ կային նաեւ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ ինքը եւ Արամ Մանուկյանը, տեղեկանալով, որ բազմաթիվ անմեղ մարդիկ են բերման ենթարկվել, մեկնել են Կենտրոնի ոստիկանության բաժանմունք: Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ոստիկանները հատկապես թիրախավորել էին այն ակտիվիստներին, ովքեր վերջին շրջանում տարբեր ակցիաների ժամանակ շատ ակտիվ են եղել: Նա վստահ է, որ ՀԱԿ կուսակցության երեք անդամները որեւէ հակաիրավական բան չէին արել: Մինչ Կենտրոնի ոստիկանապետի հետ հանդիպումը, պատգամավորները դրսում հավաքված ակտիվիստներից ճշտել են անօրինական բերման ենթարկվածների ցուցակը, որը ներկայացվել է Կենտրոնի ոստիկանապետին, ով շատ բարյացակամ էր, պատրաստ էր քննարկել կոնկրետ մարդկանց հետ կապված հարցեր: Բայց հետո, Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, երբ ոստիկանապետը եկավ, այցելեց բաժանմունք, իրավիճակը կտրականապես փոխվեց եւ դա շատ ակնհայտ էր: «Այլեւս ոչ մի նորմալ բացատրություն մեզ չէր տրվում, մեզ խոստացել էին, որ մինչեւ մեկ ժամվա ընթացքում կկարողանանք տեսակցել բերման ենթարկվածների հետ. Այդ հնարավորությունից անմիջապես զրկեցին: Մեզ այլ ելք չմնաց, քան անմիջապես պահանջել հանդիպում ոստիկանապետի հետ: Այսպես ասեմ, որոշակի համառության, նույնիսկ սահմաններ անցնող համառության դրսեւորումից հետո, մեզ հաջողվեց հանդիպումն ունենալ»,- պատմեց պատգամավորը: Նրանք ոստիկանապետին են ներկայացրել այն տասնմեկ մարդկանց ցուցակը, որոնք որեւէ հակաիրավական գործողություն չեն կատարել, բայց բերման են ենթարկվել, նրանք ազատ են արձակվել: ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ եթե կան այլ անձինք, ովքեր հակաիրավական ոչինչ չեն արել, բայց բերման են ենթարկվել, նրանց հարցով եւս կզբաղվեն:




























