Հայաստանի բնակչության մեծ մասը կողմ է, որ երկիրը ստորագրի Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթը: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այտարարել է Ռուսաստանի կողմից հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնային ժողովի ֆեդերացիայի խորհրդի բնական մենաշնորհների հարցերով կոմիտեի նախագահ Նիկոլայ Ռիժկովը:
«Վաղ թե ուշ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը, որտեղ երկրներից յուրաքանչյուրն իր վրա պատասխանատվություն կվերցնի: Դուք չպետք է կորցնեք ռազմավարական գործընկերոջ ու ընկերոջ եւ Ռուսաստանը չպետք է կորցնի իր պատմական ընկերոջն ու ռազմավարական դաշնակցին»,-ընդգծել է Ռիժկովը:
Նա ընդգծել է, որ Հայաստանում ոմանք հայացքներն ուղղել են դեպի ԱՐեւմուտք՝ հուսալով անդամակցել Եվրամիությանը. «Սակայն այնտեղ այնպիսի սահմանափակումներ են: Ես հետաքրքրվել եմ մասնագետներից եւ նրանք ասել են, որ Ուկրաինան չի գիտակցում, թե դեպի ուր է ձգտում: Այդ երկիրը չգիտի, թե իրեն ինչ է սպասվում: Եվ մենք ողջունում ենք Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը»:




























