Ինչ քայլեր էլ որ ձեռնարկեն փողոցային ակցիաների մասնակիցները, Ոստիկանությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի քաղաքացիների հետ ոչինչ չպատահի, թեկուզեւ հենց  ոստիկանների առողջության գնով:

Սա Ոստիկանությունում անցկացված վերջին բարեփոխումների արդյունքն է: Այս մասին նոյեմբերի 6-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով Մաշտոցի պողոտայի երեկվա անկարգությունները:

Սահակյանի խոսքով՝ Ոստիկանությունը փորձել է հանդուրժողականություն ցուցաբերել եւ նախապես չի կանխել Շանթ Հարությունյանի եւ նրա կողմնակիցների գործողությունները, թեեւ հայտնի էր եղել, որ նրանք զինված են փայտերով եւ պայթուցիկներով:

«Կարծում եմ՝ Ոստիկանությունը չպետք է նման հանդուրժողականություն ցուցաբերեր: Անհրաժեշտ էր ամենասկզբից կանխել նրա հակաիրավական գործողությունները: Առավել եւս, որ Շանթ Հարությունյանը ՔՀԿ-ից ազատվել էր հոգեկան խնդիրների պատճառով եւ ակցիաներ կամ նստացույց անցկացնելու իրավունք չուներ»:

Սահակյանը նաեւ նշել է, որ դժգոհները կարող են իրենց բողոքն արտահայտել, սակայն իրավունք չունեն հարձակվելու իրավապահների վրա եւ բիրտ ուժ կիրառելու: Նա նաեւ հավելել է, որ դատապարտվելու դեպքում Շանթ Հարությունյանի վերաքբերյալ չի կարող կիրառվել  «քաղբանտարկյալ» տերմինը.  «Մարդկանց թվում է, որ եթե իշխանություններին դեմ են հանդես գալիս եւ իրենց նկատմամբ օրենք է կիրառվում, ապա քաղբանտարկյալ են դառնում, դա պարզապես ծիծաղելի է»:

Հարցին, թե ինչ իրավիճակ պպետք է ստեղծվի, որպեսզի նախագահը հրաժարական տա, Սահակյանը պատասխանել է. «Ոչ մի իրավիճակում Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա: Հրաժարականի պահանջը ժողովրդավարական սովորական ձեւ է: Հրաժարականի յուրաքանչյուր պահանջ ունի իր ստվերային կողմը, թե իբր ընդդիմադիրներն ավելի շատ բան կարող են անել: Ես դեռ չեմ տեսել քաղաքական որեւէ թիմ, որը կարողանար ավելին անել, հատկապես եթե հաշվի առնենք, որ այսօրվա ընդդիմության շարքերում նախկին իշխանավորներն են»:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրելէին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 մարդու, որոնցից 20-ը,  այդ թվում՝ Շանթ Հարությունյանը,  ձերբակալված են: Բախումների արդյունքում մոտ մեկ տասնյակ մարդ հիվանդանոցում է, այդ թվում՝ ոստիկաններ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am