Այն, որ Հայաստանի բուհերի բնագիտական ֆակուլտետներում այս տարի դիմորդները սակավաթիվ էին, բխում է նրանից, որ շուկան այսօր բնագիտական ոլորտի մասնագետների  քիչ պահանջարկ  ունի։ Բացի այդ, կան մի շարք այլ  օբյեկտիվ պատճառներ՝ այսօրվա դեմոգրաֆական վիճակը, պատերազմական տարիների քիչ ծնելիությունը եւ այլն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ մեկնաբանելով ստեղծված իրավիճակի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառները։  Երեւանի պետական համալսարան այս տարի ընդունվել է մոտ 200-ով ավելի քիչ ուսանող, քան նախատեսվել էր, եւ թափուր են մնացել հիմնականում բնագիտական մասնագիտությունների տեղերը։ «Ավելին՝ սպասում եմ, որ մի 4-5 տարի հետո նմանատիպ իրավիճակ կստեղծվի նաեւ հումանիտար ոլորտում», - նշեց նա։

Ըստ Սամվել Հարությունյանի, բարձր որակավորում ունեցող մասնագետների առաջարկի եւ պահանջարկի անհամատեղելիության  խնդիր ունենք: Օրինակ, այն դեպքում, երբ տարեկան մեր տնտեսությունն ունի տվյալ մասնագիտությամբ  20-30 մասնագետի կարիք, անիմաստ է 200-300 մասնագետ պատրաստել: Ընդ որում, մասնագետները պատրաստվում են տարբեր ԲՈւՀ-երում, որոնք իրենց որակով շատ տարբեր են: Բացի այդ, ըստ նրա, ցածրացել է կրթության որակը, ինչի հիմնական պատճառներից մեկը շուկայական մեխանիզմների ոչ ճիշտ ներդրումն է տվյալ ոլորտում, ինչպես նաեւ միասնական, համակարգային մոտեցման բացակայությունը: Ընդհանուր առմամբ  ինչպես միջազգային, այնպես էլ մեր հանրապետության 20-ամյա փորձը ցույց է տալիս, որ սոսկ շուկայական մեխանիզմները չեն ապահովում բարձրագույն կրթության ոլորտի անհրաժեշտ զարգացումը. այստեղ  եւ' «ապրանքն» է առանձնահատուկ, եւ՛ հնարավոր հետեւանքները: Միայն համակարգային մոտեցման ժամանակ է հնարավոր լուծել ինչպես կրթության, գիտության, տնտեսության եւ ընդհանրապես հասարակության առջեւ տվյալ ժամանակահատվածում ծառացած խնդիրները, այնպես էլ պատրաստ լինել ապագայի մարտահրավերներին: Բուհի տնտեսական հարցերի լուծումը միայն ուսանողների թվաքանակի մեջ տեսնելը բերում է նրան, որ բուհ են ընդունվում նվազագույն թվանշաններով, արդյունքում` ընկնում է եւ՛ կրթության որակը, եւ՛ բուհի վարկանիշը: Ըստ նրա, դասախոսների աշխատավարձի խնդիրը թույլ ուսանողներով համալրելու հաշվին լուծելը, վերջ ի վերջո, հանգեցնելու է աղետի։ «Սա շատ վտանգավոր է, եւ եթե այսպես շարունակվեց, մենք շատ արագ գահավիժելու ենք», - նկատեց նա։ Ըստ գիտպետկոմի նախագահի, իրավիճակը շտկելու համար լուծումները պետք է տալ՝ ելնելով տարբեր չափանիշերից։

Նախ, անհրաժեշտ է ապահովել դասախոսական կազմի բարձր վարձատրություն, բայց  ոչ միայն ուսանողների թվաքանակը տեղացի ուսանողներով ավելացնելու հաշվին։ Այնուհետեւ՝ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ երիտասարդը մասնագիտություն ընտրելիս վստահ լինի, որ այդ մասնագիտությունը հետագայում իր համար կարող է լինել կարիերայի եւ ապագայի հիմք։ «Այսինքն, պետք է գործի մոտիվացիայի հստակ համակարգ՝ հաջողակ աշխատողը պետք է գնահատվի եւ տարբերվի մյուսներից։ Նա պետք է վստահ լինի, որ իր ստացած մասնագիտական որակավորումը մրցունակ կլինի նաեւ ցանկացած միջավայրում, նույնիսկ՝ երկրից դուրս», - ասաց Ս. Հարությունյանը եւ շարունակեց. «Մի կողմից՝ կրթության որակի հաշվին ուսանողների թվաքանակ ավելացնելը բավականին կոպիտ սխալ է, մյուս կողմից՝ ուսանողների թվի նվազման դեպքում էլ կառաջանա դասախոսների վարձատրության խնդիր»։ Ըստ Ս. Հարությունյանի, այս խնդրի լուծումը գիտելիքի առեւտրայնացումն է։ «Մեր դասախոսական կազմը շրջակա երկրների համար դեռ որոշակի հետաքրքրություն է ներկայացնում։ Մի տաս տարի հետո այդ հետաքրքրությունն արդեն կարող է չլինել, որովհետեւ որակյալ երիտասարդ կադրերը այդ կազմը չեն համալրում, նրանք հիմնականում հեռանում են երկրից», - ասաց գիտպետկոմի նախագահը, նշելով, որ ուսանողների համալրումը ոչ թե տեղացի, այլ արտասահմանցի ուսանողների քանակը մեծացնելու հաշվին պետք է լինի։ «Սա մոտիվացված է բոլոր տեսանկյուններից՝ մեր դասախոսները հնարավորություն կունենան ինքնադրսեւորվելու եւ բավարար աշխատավարձ կստանան», - ասաց Ս. Հարությունյանը։

Երկրորդը մեր ժամանակներին համահունչ կառուցվածքային փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունն է, ինչպես ընդհանուր համակարգում, այնպես էլ կոնկրետ բուհում ու դրա աշխատաոճում: Փաստորեն, համակարգում սովետական շրջանից հետո գրեթե փոփոխություններ չեն կատարվել, արդյունքում` բուհերը մնացել են գրեթե անսահմանափակ գիտական, գիտակրթական ու նաեւ տնտեսական ռեսուրսներ ունեցող երկրի համար կադրեր պատրաստելու իներտ միավորներ` առանց մեր ժամանակների պահանջներին բնորոշ ու անհրաժեշտ  ճկունության:  «Հայաստանը փոքր երկիր է, չի կարելի նույն մասնագիտությամբ ունենալ N քանակությամբ տարբեր բուհեր, որոնք մակարդակով էապես տարբերվում են կամ միեւնույն  բուհում՝ թեմատիկայով իրար շատ մոտ, երբեմն նաեւ մասնակիորեն համընկող մի քանի ֆակուլտետներ,  օրինակ միեւնույն բուհում ունենալ երկու ֆիզիկայի ֆակուլտետ:  Ս. Հարությունյանը նկատեց, որ իր համար անհասկանալի է նաեւ այն հանգամանքը, որ բոլոր բուհերի բոլոր ֆակուլտետները մագիստրատուրաներ ունեն, առավել եւս, որ Բոլոնիայի հռչակագիրը ամենեւին էլ չի պարտադրոմ բոլոր մասնագիտությունների գծով անցնել եռաստիճան համակարգ։ «Որոշ բուհերում կրթությունը պետք է սահմանափակվի միայն բակալավրիատով եւ, քանի որ մագիստրոսը գիտական աստիճան է, ապա այս կամ այն մասնագիտության գծով մագիստրոսական կրթությունը պետք է շարունակվի այն բուհում, որը կարող է ապահովել նաեւ համապատասխան որակյալ գիտական բաղադրիչի իրականացումը»: Եթե նշված բարեփոխումներն իրականացվեն, անմիջապես կնկատվի որակի բարձրացում։

Երրորդ` պետք է պետության կողմից տարվող ընդհանուր քաղաքականությունը, այն է` գիտելիքահենք տնտեսության ստեղծումն իր արտացոլումն ունենա նաեւ կադրերի պատրաստման հարցում: Մասնավորապես, այդպիսի տնտեսության ձեւավորման հիմնական կրողները պատրաստող բնագիտական եւ տեխնիկական    ֆակուլտետետներ ընդունվողների համար պետք է սահմանել որոշակի արտոնություններ (ավելացնել պետական պատվերի թիվը, նվազեցնել ուսման վարձավճարները եւ այլն) եւ ներդրվեն տնտեսության մասնավոր հատվածի ներգրավման խրախուսման մեխանիզմներ:

Չորրոդ` բուհերում պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդացման, աշխատանքային կարիերիայի հստակ մեխանիզմների, ադմինիստրատիվ պաշտոնների զբաղեցման համար ողջամիտ ժամկետների սահմանման խնդիրներ կան: Կարելի է, օրինակ, սահմանել, «որ երկու ժամկետ ֆակուլտետը կամ ամբիոնը ղեկավարելուց հետո դեկանը կամ ամբիոնի վարիչը պետք է ի տեղը զիջի  իրեն համարժեք  փոխարինողի:  Հնարավոր է, որ տվյալ անձը բարձր որակավորում ունեցող եւ ճանաչված մասնագետ է, բայց եթե  նա չի կարողացել պատրաստել իրեն համարժեք փոխարինող, ապա նա որպես ադմինիստրատոր լավ չի աշխատել: Իսկ մենք ունենք ամբիոնի վարիչներ, կամ դեկաններ, որոնք N տարի պաշտոնավարում են, եւ երիտասարդներին, կամ միջին սերնդի ներկայացուցիչներին առաջ գնալու հնարավորություն չեն տալիս։ Այս հարցերը բուհերը իրենք իրենց կանոնադրություններով պետք է կարգավորեն, պետությունն այստեղ անելիք չունի»։ Որպես այս խնդրի լուծման հնարավոր տարբերակ, պարոն Հարությունյանն առաջարկեց, որ բուհերը իրենք իրենց միջոցներից վաստակաշատ դասախոսների համար անվանական թոշակներ սահմանեն։ Ավելին, լավ դասախոսները կարող են պատվավոր պրոֆեսորի կոչում ստանալ եւ շարունակել դասավանդել, բայց ոչ ադմինիստրատիվ պաշտոններ զբաղեցնել։

Հինգերորդը կրեդիտների փոխճանաչելիության հարցն է: Մենք պետք է այնպես անենք, որ մեր կրթական կրեդիտները տարբեր բուհերում նույն մակարդակը ունենան։ Բացի այդ, որոշ կրեդիտներ ստանալը անհրաժեշտ է իրականացնել համապատասխան բուհերում, օրինակ, ինչու՞ հնարավոր չէ օտար լեզուների կրեդիտները ստանալ օտար լեզուների ինստիտուտում։ Ինչու՞ պետք է պարտադիր ամեն մեկն իր համար կրեդիտ տա։ Փոքր երկիր ենք, կարելի է հանգիստ կազմակերպել դա, բայց մենք չենք անում», - ասաց նա։

Վեցերորդը բուհերի թվաքանակի օպտիմալացման խնդիրն է: Տարբեր մակարդակների եւ իրար կրկնող մասնագիտություններով 17 պետական բուհ ունենալն այս պետության համար մեծ շռայլություն է։ Ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է ունենալ ավելի քիչ թվով, բայց հզոր համալսարաններ, այդ թվում նաեւ` տարածաշրջանային` ասենք, մեկը հյուսիսում, Շիրակի մարզում, մեկը՝ Արցախում եւ այլն։ Պետք է համարձակություն ունենալ այս բաները անելու։ Աստված մեր երկիրը այնպիսի տեղում է տեղադրել, որ մենք սխալվելու իրավունք չունենք, մենք այդպիսի շռայլություն չենք կարող  մեզ թույլ տալ», -նկատեց նա։

Յոթերորդը բուհերի ֆակուլտետների օպտիմալացման հարցն է: Ֆակուլտետների խոշորացումը հնարավորություն է տալիս կենտրոնացնել գիտական եւ գիտակրթական ներուժը, համապատասխան գիտական եւ գիտակրթական ենթակառուցվածքները, ավելացնել ֆակուլտետի գիտահետազոտական բաղադրիչը` անհրաժեշտության դեպքում ստեղծելով նաեւ ֆակուլտետի կազմում գործող գիտահետազոտական ինստիտուտներ եւ կենտրոններ, նվազեցնել նաեւ վարչասպասարկող անձնակազմի թվաքանակն ու, հետեւաբար, նաեւ այդ նպատակին հատկացվող ֆինանսական ծախսերը: Որպես օրինակ կարող է ծառայել Հռոմի Սապիենզա համալսարանը, որը ունի շուրջ 113 հազար ուսանող, 11 ֆակուլտետ եւ 8 հազար վարչասպասարկող եւ դասախոսական անձնակազմ: «Ինձ համար նաեւ անհասկանալի է, թե ինչու ճանաչված գիտնականը, որը ակադեմիայում է աշխատում, ասենք, ինստիտուտի տնօրեն է կամ լաբորատորիայի/բաժանմունքի վարիչ, չի կարող լինել համալսարանում ամբիոնի վարիչ։ Ավելին ասեմ, կրթության-գիտության կապի լավագույն տարբերակն է սա, մագիստրատուրան էլ կարող է ինստիտուտում լինել:», - ասաց նա։  Նա մատնանշեց եւս մեկ խնդիր՝ բուհի կրթական որակը էապես կախված է բուհի գիտական մակարդակից։ «Եթե դու գիտական աշխատանք չես անում, չես կարող բարձր մակարդակի կրթություն ապահովել։ Այս իմաստով չի կարելի հույսը դնել միայն պետության վրա։ Բուհերի հիմնական ֆինանսական միջոցները արտաբյուջետային են (կրթության վարձավճարները), բայց  գիտական եւ գիտատեխնիկական գործունեությունը միայն պետական բյուջեից է ֆինանսավորվում (այստեղ խոսքը միջազգային կամ օտարերկրյա պետությունների կազմակերպությունների կողմից տրամադրվող դրամաշնորհների մասին չէ)», - ասաց նա։ Ս. Հարությունյանը քննարկել է այս խնդիրը ՀՀ ԿԳ նախարար պարոն Աշոտյանի հետ, եւ հնարավոր է, որ «Կրթության մասին» օրենքի մեջ կետ ավելացվի, որ պետական բուհերը պարտավոր են իրենց բյուջեի 3-5 տոկոսի չափով ֆինանսական միջոցներ հատկացնել գիտությանը. «Շատ շուտով կառավարությունում կհաստատվեն գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման նոր կարգերը, որտեղ կսահմանվեն դրույթներ, համաձայն որոնց բուհերը գիտական ծրագրերի համար պետությունից ֆինանսավորում կստանան միայն համաֆինանսավորման պայմանով»:

Ս. Հարությունյանը շեշտեց, որ մոտ ապագայում գիտպետկոմի համար մեկ խնդիրը լինելու է Հայաստանում հետազոտական համալսարան ստեղծելը, որը վերը նշված խնդիրներից շատերի լուծումը կտա։ Խոսքը մեր հանրապետությունում գիտական լավ ավանդույթներ ունեցող եւ ներկայումս միջազգային չափանիշներին համապատասխանող գիտական հետազոտությունների ուղղությունների, այն է բնական գիտությունների եւ տեխնոլոգիաների հենքի վրա հետազոտական համալսարանի ստեղծման մասին է: Այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ կատարվել են, մասնավորապես  իրականացվել է գիտական կազմակերպությունների եւ բուհերի գիտական գործունեության եւ ենթակառուցվածքների գույքագրում, ստեղծվել է գիտական «արտադրանքի» եւ գիտական ներուժի տվյալների շտեմարան, ուսումնասիրվել է միջազգային փորձը եւ այլն: Միջազգային փորձի տեսակետից շատ ուսանելի է Նանյագի տեխնոլոգիական համալսարանի (Սինգապուր) օրինակը, որն ստեղծվել է 1991թ. եւ համալսարանների դասակարգման «Times Higher Education World University Rankings 2013-2014» ցանկում զբաղեցնում է 76-րդ տեղը, իսկ «QS World University Rankings 2013» ցանկում` 41-րդը: Իհարկե ներկայումս «մեզ մոտ շատ են խոսում միջազգային փորձի կիրառման անհրաժեշտության մասին, բայց միջազգային փորձ հասկացությունը շատ ընդարձակ է ու բազմաբովանդակ, եւ Հայաստանը պետք է վերցնի միայն այն, ինչ իր նպատակներից ու շահերից է բխում»: Ստեղծվելիք հետազոտական համալսարանի ծրագրի մշակման եւ իրականացման մեջ օգտագործվելու է նաեւ սփյուռքի գիտական ու գիտակրթական ներուժը: Ըստ Ս. Հարությունյանի, ներկայումս սփյուռքի գիտական ներուժի ներգրավվածության մակարդակը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մեջ ոչ բավարար մակարդակի է` «սփյուռքի գիտնականներին նաեւ պետք է հրավիրել այստեղ՝ ինստիտուտների տնօրենների, բուհերի դեկանների կամ ամբիոնների վարիչների թափուր տեղերի համար մրցույթներին մասնակցելու»։ Նա վստահ է, որ դրսի գիտնականներից շատերը նաեւ հաճույքով դասախոսություններ կկարդան հայաստանյան բուհերում։ Այս համալսարանը կոչված է լինելու լուծելու այն խնդիրը, որ «մեր ժամանակներում բարձրագույն կրթության խնդիրը ոչ միայն կադրեր պատրաստելը, գիտելիք եւ տեխնոլոգիաներ փոխանցելն է, այլեւ, առաջին հերթին, գիտական միջավայրում ձեւավորված, ստեղծագործ մտածողությամբ օժտված ու, միեւնույն ժամանակ, բարձր մասնագիտական որակավորումներ ունեցող մասնագետներ պատրաստելը»:

Վերջում Ս. Հարությունյանը նշեց, որ բոլոր վերը թվարկած հարցերը հնարավորինս արագ պետք է լուծել, ավելի  լուրջ խնդիրների առաջ չկանգնելու համար։

Անահիտ Սարգսյան