Երեւանում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած իրադարձությունների  գնահատականները բաժանվել են երկու մասի. մարդկանց մի մասը Շանթ Հարությունյանի ու նրա կողմնակիցների քայլը համարում է անձնազոհություն, անելանելիության հետեւանք, մյուսները` դատապարտում են Շանթին, նրա գործողությունները որակում են որպես արկածախնդրություն, ոչ ադեկվատ հոգեվիճակի արտահայտություն եւ այլն: Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Ընդհանրապես, «ոչ ադեկվատ» արտահայտությունը ամենահաճախն է հնչում նոյեմբերի 5-ին Երեւանում տեղի ունեցածի վերաբերյալ կարծիքներում: Դա, որքան պարզունակ, նույնքան էլ խորհրդանշական է: «Ոչ ադեկվատ» ասողների մեծամասնությունն այդպիսով ցանկանում է բնորոշել Շանթ Հարությունյանի հոգեվիճակը, որի բարոյական իրավունքն, ի դեպ, որեւէ մեկը չունի, բացի համապատասխան մասնագետներից, որոնք Հայաստանում, ինչպես հայտնի է, մասնագիտական եզրակացություն են հայտնում միայն պետպատվերի շրջանակում:

Իրականում Շանթի գործողությունները, մեծ հաշվով, պետության, քաղաքական համակարգի ոչ ադեկվատության հետեւանքն են: Մարտի 1-ի արդյունքում ձեւավորված Հայաստանի իշխանությանը հաջողվել է փողոցը՝ այդ բառի լայն ու նեղ իմաստներով, դուրս թողնել քաղաքականությունից: Սակայն դա տեղի է ունեցել ոչ թե նախկինում քաղաքականությունը փողոց տեղափոխած խնդիրների լուծման, իրական բարեփոխումների, այլ պարզապես փողոցում քաղաքականություն իրականացնողներին՝ ընդդիմադիրներին, տարբեր ձեւերով պայքարի «քաղաքակիրթ» հարթակներ տեղափոխելու ճանապարհով…

Այսինքն՝ Հայաստանում վերջին տարիներին տեղի է ունեցել քաղաքականության ձեւի ու բովանդակության հավասարակշռության խախտում, ինչն առաջացրել է վակուում, որը ժամանակ առ ժամանակ լցվելու է գուցե շատ ավելի հզոր պայթյուններով, քան Մաշտոցի պողոտայում հնչած ճայթոցները:
Հայաստանը վաղուց ապրում է ոչ ադեկվատության ռեժիմում, ու այդ պայմաններում Շանթի գործողությունների նման քայլերը նաեւ ադեկվատությունը վերականգնելու փորձեր են: Անհաջող եւ դատապարտված փորձեր, բնականաբար »,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):