Սվերդլովի մարզում ոստիկանները սարսափազդու հանցագործություն են բացահայտել: Բերեզնյակի քաղաքի  տարածքում նրանք հինգ նորածինների մասունքներ են գտել: Գազանաբարո հանցանքի կասկածանքով տեղացի ամուսնական զույգ է ձերբակալվել, նոյեմբերի 7-ին հայտնում է ՆԳՆ-ի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը:

Հետաքննության ընթացքում իրավապահները 1957թ. ծնված հավաքարարի եւ նրա 1958թ. ծնված ամուսնու հետքի վրա են դուրս եկել: Ամուսինները հարցաքննության ժամանակ չեն թաքցրել, որ իրենք են նորածիններին թաղել հողամասի ծայրամասում, փոխանցում է  «ԵվրոՍՄԻ»-ն:

Կինը, որն արդեն հինգ երեխա ունի, ոստիկաններին բացատրել է, թե ի վիճակի չէր եւս հինգին մեծացնել՝ ամուսնու հարբեցողության պատճառով: Ուստի 1982, 1986, 1992, 1994 եւ 1997թթ.  նա ծննդաբերել է ջրով լի լոգարանում, որպեսզի նորածինները խեղդվեն ծնվելիս: Դրանից հետո ամուսինները երեխաներին թաղել են հողամասում:

Ներկա պահին երեխաների մասունքներն ուղարկվել են փորձաքննության: Ոստիկանության աշխատակիցները շարունակում են պարզել ահավոր հանցագործության  հանգամանքները: