Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված Վարդան Պետրոսյանը գտնվում է ձերբակալվածի կարգավիճակում, բայց գտնվում է ոչ թե ԿՊԶ-ում, այլ՝ հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ երեկ տեսակցել է «Սթրես» կենտրոնում գտնվող Վարդան Պետրոսյանին, հայտնել, որ իր փաստաբանն է: Դերասանի վիճակը համեմատաբար լավ է, չգիտեն դեռ ինչքան կմնա այդ կենտրոնոմ: «Իր առողջական վիճակը դեռեւս թույլ չի տալիս, որ ինքը ինքնուրույն շարժվի, ինքնուրյուն չի կարող ոչինչ անել՝ հաց ուտել, զուգարան գնալ, դժվարանում է: Պետք է կողմնակի օժանդակություն լինի, որովհետեւ կենսական օրգան է հեռացվել, վերականգնման համար որոշակի ժամանակ է պահանջվում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ Վարդան Պետրոսյանն արդեն կասկածյալ է եւ գտնվում է ձերբակալվածի կարգավիճակում, ոստիկանները հսկում են նրա հիվանդասենյակը: Փաստաբանը շեշտեց, որ նրա ձերբակալման որոշումը ապօրինի է, քանի որ այն չի բխում օրենքից, օրենքով նախատեսված երկու կետերը՝ գտնվելու վայրը հայտնի չէ կամ գտնվում է այլ տեղանքում, բացակայում են: Քննիչի կողմից կայացված ձերբակալման որոշումը պատճառաբանվում է, թե Վարդան Պետրոսյանը ցանկացել է ցուցմունք տալ փաստաբանի ներկայությամբ, կամ փաստաբանի անունը չի հիշել, մինչդեռ Նիկոլայ Բաղդասարյանի հետ պայմանագիր է կնքել դերասանի քույրը, եւ նորմալ է, որ այդ առողջական վիճակում նա չի հիշել փաստաբանի անունը, եւ ասել է, թե «քույրս կգա, կասի»: «Սուտ է, թե նախաքննական մարմինը չգիտեր՝ ով է իր փաստաբանը, ես անձամբ եմ գնացել իր մոտ, պատճենել Վարդան Պետրոսյանի անձնագիրը, տվել իմ այցեքարտը, հեռախոսահամարները»,- ասաց նա:
Իսկ թե ինչ պետք է լինի նրա ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո, կկալանավորեն առանց փորձաքննության եզրակացության, թե ոչ, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ նման իրավիճակում ստիպում են փորձագետին արագ եզրակացություն տալ, մինչդեռ պետք է հարցաքննեին Վարդան Պետրոսյանին, այդ տվյալները ներկայացնեին փորձագետին, որպեսզի կարողանան պարզել, թե ինչ է եղել, իսկ այսպես միայն մեկ կողմի ցուցմունքներն է ներկայացվել փորձագետին: «Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը հնարավորություն չի տալիս երկարատեւ քննչական գործողության մասնակցելու, նա 7 օր ժամանակ էր խնդրել քննիչից, որպեսզի ապաքինվի եւ կարողանա ցուցմունք տալ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ ինքը եւս միջադեպի մասին դեռ չի խոսել իր պաշտպանյալի հետ, քանի որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս:
Ձերբակալման որոշումը փոխելու վերաբերյալ փաստաբանի բողոքին դատախազը պետք է պատասխանի եռօրյա ժամկետում, թեեւ հնարավոր է ավելի վաղ եւս պատասխան ստացվի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են, դերասանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Այժմ հիվանդանոցում գտնվում է բազմաթիվ կոտրվածքներ ստացած Տաթեւ Հակոբյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին, որ առկա է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում: Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել էր, նրա մոտ առկա էր շնչառության թուլացում եւ ճնշման տատանումներ: Սկզբից դերասանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Սթրես» կենտրոն: Դերասանի առողջական վիճակի կայունացումից հետո նրան կձերբակալեն:




























