Թուրքիայի ԱԳ նախարար Մահմեդ Դավութօղլուն հերթական անկամ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը կապել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:
Ինչպես հաղորդում է «Aksam»-ը, երկրի խորհրդարանի արտաքին կապերի հարցերով հանձնաժողովի փակ նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանից պահանջում է «ազատել ադրբեջանական օկուպացված տարածքները»: «Մեր պահանջը Լեռնային Ղարաբաղն ազատելն է: Մենք այդ հարցում առաջընթաց ենք ակնկալում»,-ասել է նա՝ մեկնաբանելով Իգդիր նահանգից պատգամավոր Սինան Օգանի հարցը՝ կապված Հայաստանի հետ սահմանները բացելու հետ: Նախարարի խոսքով՝ «միայն ադրբեջանական տարածքներն ազատելուց հետո կարող է խոսք լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին»:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը «սառեցվել է» Անկարայի հենց այս ապակառուցողական դիրքորոշման պատճառով:



























