Հայաստանի կոմկուսի եւ Միասնական առաջադիմական կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հոկտեմբերյան հեղափոխության 96-րդ տարեդարձի օրը, ծաղիկներ են դրել Խորհրդային Հայաստանի ժողկոմխորհի առաջին նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի եւ Բաքվի կոմունայի նախագահ Ստեփան Շահումյանի հուշարձաններին:
«Միայն Մեծ հոկտեմբերը աշխատավորների առջեւ իրավահավասար մարդկանց աշխարհ ստեղծելու եւ շինարարության ուղի բացեց, որոնք ուզում են ապրել, աշխատել ու գնալ էվոլյուցիոն զարգացման»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀԿԿ կենտկոմի երիտասարդության հարցերով քարտուղար Երջանիկ Ղազարյանը:
Իր հերթին, Միասնական առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ Մեծ հոկտեմբերի գաղափարները ավելի ու ավելի արդիական են հնչում այսօրվա գլոբալացվող, շահագործման, բռնության ու պատերազմների աշխարհում: Նրա խոսքով՝ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում փոխեց նաեւ հայ ժողովրդի ճակատագիրը: «Խորհրդային Հայաստանը բազմաչարչար հայ ժողովրդի պատմության մեջ ոսկե դար դարձավ, եւ մենք այսօր պարտավոր ենք միացնել երկրում գործող երկու կոմունիստական կուսակցությունների ջանքերը՝ սոցիալիզմի հաղթանակի համար պայքարող քաղաքական ուժերի դիրքերի ամրապնդման համար»,-ընդգծեց Սաֆարյանը:




























