Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալուն զուգահեռ, Թուրքիայի իշխանությունների՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված իմիտացիոն քայլերը սկսել են ակտիվանալ։
Թուրքական Haber1 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրել է իր գերատեսչության աշխատանքները, որի ժամանակ պատասխանել է նաեւ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության Իգդիրից ընտրված պատգամավոր Սինան Օղանի՝ հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված հարցին։
Դավութօղլուն հաստատել է, որ հայ-թուրքական սահմանի բացման համար իրենք աշխատանքներ են իրականացնում։ «Այո, այդպիսի աշխատանքներ ենք անում։ Եթե կարողանանք Ադրբեջանին համոզել, անակնկալ կարող ենք անել։ Հայաստանի հետ սահմանի վրա աշխատանքներ են իրականացվում։ 2015-ին ուղղված մեր աշխատանքներն էլ շարունակվում են։ Մեր պահանջն այն է, որ Ղարաբաղից դուրս գան։ Եթե այդ խնդրում մի զարգացում լինի, կբացվի թե սահմանը, թե երկաթգիծը։ Իհարկե, դա ցանկանում ենք Ադրբեջանի հետ միասին անել»,-ասել է Դավութօղլուն՝ նկատելով, որ դա Ադրբեջան կատարելիք այցի գլխավոր թեմաներից է լինելու։



























