Շանթ Հարությունյանի հեղափոխության փորձի մեջ եւս սկանդալ, եւ շոու, եւ հեղափոխություն կար: Այս մասին, այսօր` նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ նաեւ ներկա բացակայի խնդիր էր դրվել:
«Հիմա մարդիկ պետք է գնահատեն ով ով է: Ինչպես ասում է Չարնիշեւսկին՝ ի՞նչ անել եւ ո՞վ է մեղավոր: Մենք հիմա գիտենք ինչ անել եւ ով է մեղավոր: Ես կարծում եմ, որ Շանթը թույլ ներվերի կամ չգիտեմ ինչի արդյունքում շտապեց, դրա համար ես իր կողքին չէի: Բայց կարծում եմ, որ սկսել է ազգային ազատագրական շարժում»,- ասաց Ազատ Արշակյանը:
Բանախոսը Շանթ Հարությունյանին համոզմունքների գեներատոր է համարում եւ չի կարծում, որ ինքը կդառնար ինչ-որ մեկի համար գործիք կամ կամակատար: «Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը նրան դրդել է: Նրան իրադրությունն է դրդել. օրինակ, Մաքսային միություն մտնելը: Շանթը, կարծում եմ, դրոշ է բարձրացրել, քանի որ Եվրամիությանը դուրս են մղել Հայաստանից: Շանթը Երեւանի կենտրոնը համարում է խրամատ, բայց ես դեմ եմ այդ մեթոդներին: Բացի երթուղայինի գների թանկացումը, ապօրինի շինարարությունները, կստիպեն, որ մենք վերադառնանք 1980-ական թվականների իրավիճակին եւ Շանթը սկիզբն է», -ասաց Ազատ Արշակյանը:




























