Շանթ Հարությունյանը դեռ ամիսներ առաջ էր ասում, որ ինքը պետք է նոյեմբեր-դեկտեմբերին հեղափոխություն աներ: Այս մասին, այսօր` նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նա հիշեց «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմը, որտեղ հերոսներից մեկն ասում է. «Դետոչկինն ասում է. ճիշտ է ինքը խախտել օրենքը, բայց ինքը մեղավոր չէ: Հիմա նույնը կարելի է ասել Շանթի պահով: Նա խախտել է օրենքը , բայց ինքը մեղավոր չէ»:
Իսագուլյանը նշեց, որ ոստիկաններն իրենց ճիշտ են պահել, սակայն պետք է փորձեին մինչեւ բախումը կատարվածը կանխարգելել: «Ոստիկանությունը մինչեւ ակտիվիստների հետ բախումը պետք է այդ ամենը կանխեր: Կար կոնկրետ գործողություն, փայտերը, պայթուցիկները բացահայտ էին բերում: Իրավապահ մարմինները տեսնում էին եւ պետք է կանխարգելիչ միջոցառումներ անեին, ոչ թե փորձեին բախումը կանխել: Այս առումով Շանթը հայտնվել է իր ստեղծած ծուղակի մեջ: Իրավապահները ճիշտ կանեն, որ այս տղաներից ոչ ոք չնստի: Այս տղաները պետք է ազատվեն, իսկ այդ պայթուցիկները վտանգավոր չեն»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ վերջին օրերին Շանթ Հարությունյանի մոտ սթրեսային վիճակ կար, ինչն առաջացել էր նաեւ նրա քրոջ մահից հետո: Իսագուլյանն նկատեց նաեւ, որ համազգեստ կրող մարդուն վրա ձեռք բարձրացնելը պատժելի արարք է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























