Շանթ Հարությունյանի եւ նրա կողմնակիցների գործողություններն ուղղված էին այնպիսի իրավիճակի ստեղծմանը, որի ժամանակ զոհեր կլինեին: Դա դժգոհությունների մի ամբողջ ալիքի բարձրացման կհանգեցներ, նոյեմբերի 7-ին լրագրողներին ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
Ըստ նրա՝ թեեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ընդդիմադիր կուսակցություն է, սակայն իրեն հայտնի չէ՝ որն էր Շանթ Հարությունյանի եւ իր ղեկավարած խմբի գործողությունների նպատակը: Պայթուցիկների մասին հայտարարությունը, մահակների բաժանումը եւ այլն, ահաբեկչություն էր, ահաբեկչական գործողության նախապատրաստություն, կարծում է Արամ Սարգսյանը:
«Հարց է ծագում՝ ո՞վ էր այդ ամենը նախապատրաստել: Ես այստեղ իրավիճակի ապակայունացման անհրաժեշտություն եմ տեսնում, քանի որ խնդիրներ կան արտաքին վեկտորի ընտրության հետ կապված, տեղի է ունեցել արտաքին վեկտորի լուրջ եւ նշանակալի փոփոխություն», -ընդգծել է դեմոկրատական կուսակցության ղեկավարը՝ տեսակետ հայտնելով, որ եթե անգամ դա ներքին ուժի ձեռքի գործն էր, ապա որոշակի նպատակ էր հետապնդում: Քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից , Արամ Սարգսյանի խոսքով, սա «փորձնական փուչիկ» էր, պետք էր հասկանալ, թե ինչ գործողություն կհետեւի եւ իրեն ինչպես կդրսեւորի ոստիկանությունը: «Այնուամենայնիվ, զարմացած եմ, որ մեր իշխանությունների կողմից, ինչպես միշտ, ոչ մի արձագանք չեղավ», - նշել է նա:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 մարդու, որոնցից 20-ը, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, ձերբակալված են: Բախումների արդյունքում մոտ մեկ տասնյակ մարդ հիվանդանոցում է, այդ թվում՝ ոստիկաններ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























