Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 7-ին, ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը եւ քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ մեր երկրի համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այդ համատեքստում անդրադարձ է եղել երեկ ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ փոխգործակցության խորացման մասին հուշագրին եւ աշխատանքային խմբերի առաջին հանդիպման արդյունքներին, որը, Վիկտոր Խրիստենկոյի գնահատմամբ, արդյունավետ եւ հաջող ընթացք է ունեցել: Կողմերի համոզմամբ, հուշագրի ստորագրմամբ համագործակցության ամուր հիմք է դրվում Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ: Սերժ Սարգսյանը եւ Վիկտոր Խրիստենկոն երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին միանալու մասին հայտարարությունից եւ Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների կողմից այդ կապակցությամբ կայացված որոշումից հետո զգալի աշխատանք կա իրականացնելու եւ վերահաստատել են պատրաստակամությունը սերտ փոխգործակցությամբ այդ աշխատանքներն իրականացնելու եւ հիշյալ գործընթացները հնարավորին սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու գործում:




























