ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հերքել է այն պնդումը, թե 2012թ. ընտրություններից առաջ ցանկացել է փոխնախագահ Ջո Բայդենին փոխարինել Հիլարի Քլինթոնով:
Նման տեղեկություն է պարունակվում լրագրողներ Մարկ Հալփերինի եւ Ջոն Հայլեմանի գրքում: ԱՄՆ-ում նախագահի եւ փոխնախագահի թեկնածուներն ընտրություններում միասին են առաջադրվում:
«Մի բան կարող եմ հստակ ասել: Եթե ինձ հարցնեին, կասեի, որ առանց Ջո Բայդենի առաջադրվելու հնարավորություն չեմ տեսնում, որովհետեւ, անկեղծ, նրան համարում եմ մեր պատմության լավագույն փոխնախագահներից», - ասել է Օբաման NBC-ի հետ հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախագահի խոսքով՝ Բայդենն իր համար եւ ընկեր է, եւ կարեւոր խորհրդականներից մեկը:
«Ես այստեղ չէի լինի առանց նրա աջակցության: Նրան փոխնախագահ առաջադրելը իմ երբեւէ կայացրած լավագույն որոշումներից էր», - ասել է Օբաման:





























