ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ենթականերից չի ճշտում իրեն զեկուցված հետախուզական բոլոր տվյալների աղբյուրները: Այս մասին նա հայտնել է NBC-ի հետ հարցազրույցում:

Նա ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք տեղյակ է եղել Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը գաղտնալսելու մասին:

«Երբ ինձ հետախուզական տվյալներ են ներկայացնում, հատկապես եթե դա վերաբերում է Գերմանիայի նման դաշնակիցներին, ես չեմ խորանում, թե որտեղից է այդ տեղեկությունը քաղված», - ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ամերիկյան հետախուզության տեխնիկական հնարավորություններն այնքան են աճել, որ առաջ են անցնում առկա սահմանափակումներից: Այդ պատճառով այս ոլորտում աշխատանքը վերակառուցվում է. «Բայց եթե կարծում եք, թե յուրաքանչյուր նախագահ նայում է չմշակված հետախուզական տվյալներին եւ փորձում հասկանալ՝ որոնք են դրա աղբյուրները, սա այդ դեպքը չէ», -  հայտարարել է ամերիկյան պետության ղեկավարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ-ի կողմից դաշնակից երկրների ղեկավարներին գաղտնալսելու մասին հայտնի էր դարձել ԿՀՎ գործակալ Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո: Մերկելն անձամբ էր դժգոհություն հայտնել Օբամային՝ տարիներ շարունակ իր հեռախոսը գաղտնալսելու համար:

ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել էր, որ դաշնակիցներն էլ են լրտեսում ամերիկյան առաջնորդներին եւ հատուկ ծառայություններին: