Ոչ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ հույսեր չեն կապում նախագահների կայանալիք հանդիպման հետ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի կայանալիք հանդիպման գլխավոր նվաճումն այն կլինի, որ երկու տարվա ընդմիջումից հետո բանակցային գործընթացը կշարունակվի նախագահների մակարդակում: «Հարկ է նշել, որ այդ հանդիպումը ծրագրվում էր դեռեւս հունիս-հուլիսին, սակայն Ալիեւը խնդրել էր այն հետաձգել՝ նախագահական ընտրությունների պատճառով: Նոր պայմաններում հանդիպման գլխավոր նպատակն այն է, որ նախագահական ընտրություններից հետո նրանք ավելի  ազատ են քաղաքական համատեքստից»,-ընդգծել է Մինասյանը՝ կարծիք հայտնելով, որ, հնարավոր է՝ որոշ հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումներ լինեն, ինչը թույլ կտա շարունակել բանակցային գործընթացի դինամիկան:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցից եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու ԱԳ ու պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո, պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա նոյեմբերին կազմակերպել Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am