Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հունաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին` կապված հայ-թուրքական արձանագրությունների ընթացքի հետ:
Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների հարցում թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան դժվարություններ ունեցել են, սակայն անհրաժեշտ է դրանց հաղթահարումը: «Մենք հավատում ենք, որ խաղաղության տեսլականի շրջանակներում մեր հարաբերությունները Հայաստանի հետ կկարգավորվեն: Մենք մեր այդ տեսլականը երբեք չենք փոխել: Երկու կողմն էլ այս գործընթացում հանդիպել է դժվարությունների, սակայն պետք է մտածենք, որ անհրաժեշտ է միասին հաղթահարել դժվարությունները: Ֆերիդուն Սինիրլիօղլուն Երեւանում շատ դրական եւ կարեւոր հանդիպումներ է անցկացրել: Վաղը Սինիրլիօղլուն հատուկ նամակով եւ ուղերձով կմեկնի Բաքու: Մենք հավատում ենք, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի արձանագրությունների տառին եւ ոգուն համապատասխան»,-նշել է Դավութօղլուն:



























