Ճապոնիայում մոտ երեք տասնյակ հայ է բնակվում, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Ճապոնիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:

Ըստ դիվանագետի՝ նրանց կեսը բնակվում է Տոկիոյում: «Պետք է նշել, որ վերջին տասնամյակներում թիվը մի քանի անգամ աճել է: 20 տարի առաջ այս նույն հարցին ես կատակով պատասխանում էի «4»՝ ես, կինս եւ երկու երեխաներս:  Հետո թիվն աստիճանաբար աճեց 10-ի, 20-ի:

Ճապոնիայում մեր փոքրիկ սփյուռքը բավական հաշտ է ապրում եւ պարբերաբար հավաքվում է ազգային տոների եւ իրադարձությունների առթիվ», - նշել է դեսպանը:

Հայաստանում ճապոնացիների թիվը 10-ից էլ քիչ է: Ճապոնական կողմի տվյալով՝ ընդամենը 7 մշտական բնակիչ կա գրանցված:

Ապրանքաշրջանառության մասին հարցին ի պատասխան  դեսպանը թվեր չնշեց. «Բանն այն է, որ ճապոնական ապրանքների զգալի մասը երրորդ երկրների միջոցով են Հայաստան հասնում: Ուղղակի մատակարարումների հաստատման պարագայում թվերն առավել ճշգրիտ կարտացոլեն մեր  ապրանքաշրջանառությունը: Հայաստանից Ճապոնիա արտահանվում է բժշկական շիճուկ, կոնյակ եւ «Նարինե» պրոբիոտիկ:  Դիտարկվում է Ճապոնիայում հայկական մածունի արտադրություն սկսելու հնարավորությունը», - ասել է Հրանտ Պողոսյանը: