Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարում FIDH-ն ու այդ կազմակերպությունում Հայաստանի և Թուրքիայի անդամ կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Համոզված ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Թուրքիայում և Հարավային Կովկասի բոլոր երկրներում խաղաղաստեղծ գործընթացի, հաշտեցման և բարի դրացիական հարաբերությունների գրավականն է և նպատակ ունի երաշխավորել սահմանների բոլոր կողմերում բնակվող անձանց անվտանգությունը, բարեկեցությունն ու արժանապատվությունը:
Կոչ ենք անում Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին և հասարակություններին համատեղել ջանքերը և ապահովել այնպիսի միջավայր և գործընթացներ, որ թույլ կտան հատուցել անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարումների, այդ թվում` ազգության, կրոնի և այլ հիմքերով խտրականության համար, ինչպես նաև հավատարիմ մնալ միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներին:
Տարածաշրջանում դեպի մարդու իրավունքները հարգանքն ապահովելու նպատակով հայցում ենք խոսքի ազատություն բոլոր երկրներում և առաջարկում ենք հրաժարվել բոլոր այն օրենքներից և գործողություններից, որ սահմանափակում են խոսքի ազատությանը, մասնավորապես` հայ-թուրքական երկխոսությանը խոչընդոտող Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածից:
Հորդորում ենք Թուրքիայի և Հայաստանի իշխող և ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին կատարել իրենց պարտքը և ձեռնարկել երկու պետությունների և հասարակությունների միջև հարաբերությունները կարգավորելուն ուղղված բոլոր անհրաժեշտ քայլերը, մասնավորապես՝ իրականացնելով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու վերաբերյալ երկկողմանի արձանագրությունը: Այս ուղղությամբ առաջընթացը և Թուրքիայում ժողովրդավարական ձևափոխումների գործընթացը բարենպաստ միջավայր կձևավորեն Հայոց Ցեղասպանության ցավալի խնդրին անդրադառնալու համար:
Մենք դատապարտում ենք տարածաշրջանի պետությունների որոշ կառույցների ռազմատենչ հավակնություններով սնվող թշնամանքի բոլոր ձևերն ու դրսևորումները:
Հայաստանի և Թուրքիայի միջև հարատև խաղաղություն հաստատելու և ապագայում փոխադարձ թշնամանքը կանխելու նպատակով կոչ ենք անում երկու պետությունների կարավարություններին վավերացնել և կատարել Հռոմի` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը:
Երկու հասարակությունների միջև կամուրջներ կառուցելու նպատակով կոչ ենք անում երկու պետություններին իրականացնել ներառական քաղաքականություն և հրաժարվել սահմանափակող մոտեցումներից կյանքի բոլոր ոլորտներում:
Կոչ ենք անում երկու երկրների կառավարություններին և քաղաքացիական հասարակություններին խթանել հավասար և արդար վերաբերմունք բոլոր, այդ թվում` մամուլի, կրթության, վարչարարության, իրավակիրարկման և հանրային կյանքի այլ ոլորտներում»:
Նշենք, որ FIDH-ի 37-րդ համագումարի բանաձեւում նշվում է, որ իրենք իրենց տուրքն են մատուցում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:




























