Երեւանում ընթացող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարի մասնակից, Թուրքիայի Մարդու իրավունքների միության նախագահը hայաստանյան այցից ստացած դրական տպավորություններով կիսվել է NEWS.am-ի թղթակցի հետ:

Կարսում ծնված թուրք իրավապաշտպանը նշեց, որ Երեւանում գտնված ամբողջ ժամանակ աշխատել է չմնալ հյուրանոցում, այլ դուրս գալ քաղաք եւ շփվել հասարակ մարդկանց հետ: «Մենք այցելեցինք Խոր Վիրապ, շփվեցինք, այնտեղ զրուցեցինք մարդկանց հետ: Երեւանում էլ այցելեցինք այն շուկան, որտեղ վաճառվում են հրաշալի ձեռագործ հուշանվերներ, խոսեցինք այդ աշխատանքները վաճառողների հետ եւ նույնիսկ միասին մի մի թաս խմեցինք: Հասարակությունների միջեւ շատ կարեւոր է երկխոսությունը: Կարեւոր է, որ հայերը ճանաչեն թուրքերին: Այս տեսանկյունից կարեւորում եմ նման միջոցառումների անցկացումը: Երեւանում առաջին անգամ եմ, սակայն մի քանի օրվա ընթացքում հասցրեցի սիրել այս քաղաքը: Հաջորդ նման առիթի դեպքում մեծ սիրով կրկին Հայաստան կգամ»,-նշեց Թուրքիայի Մարդու իրավունքների միության նախագահ Օզթուրք Թուրքդողանը` ամփոփելով, որ համոզված է` շուտով հայ-թուրքական սահմանը բացվելու է եւ Հայաստան գալը ավելի հեշտ կլինի:

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայի Մարդու իրավունքների միության նախագահ Օզթուրք Թուրքդողանը եւս խիստ էր արձագանքել Էրդողանի լոնդոնյան հայտնի հայտարարությանը, որ հարկ եղած դեպքում Թուրքիայից կվտարվեն անօրինական ապրող հայաստանցիները: «Թուրքիայի վարչապետի այս խոսքերը կարող են հասկացվել որպես բռնի տեղահանման 2010 թվականի տարբերակ: Նման հայեցակարգ երիտթուրքերն են օգտագործել Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանում»,-նշել էր Օզթուրքը:

Օզթուրք Թուրքդողանը հանդիսանում է նաեւ 2008-ի դեկտեմբերին մի խումբ թուրք մտավորականների կողմից նախաձեռնած «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի աջակիցներից մեկը: