Առանց կողմնակի ուժերի էլ Ղարաբաղի բանակն ի վիճակի է ապահովել իր բնակչության անվտանգությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ամփոփել է ընթացիկ տարին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, հաղորդում է Azatutyun.am-ը: 

Նա տարին ընդհանուր առմամբ դրական է գնահատել. բանակում նախորդ տարվա համեմատ նվազել է զոհերի եւ վիրավորների թիվը, նվազել են նաեւ առաջնագծում հակառակորդի կրակոցների եւ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերը:

Նախարարը ներկայացրել է տարվա ընթացքում կատարված աշխատանքները. Պաշտպանության բանակում  լրահամալրվել է սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, շուրջ 350 հոգով ավելացել է պայմանագրային զինծառայողների թիվը:

«Այս տարի մենք եւս համալրել ենք 33 հատ Տ72 տիպի տանկերով, 6 միավոր ՀՄ2-ներով, ԲՏՍ4 տեսակի քարշակներով` 4 միավոր, եւ 107 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով», - մանրամասնել է նախարարը:

Մովսես Հակոբյանը նաեւ նշել է, որ առաջնագծում մարտական հերթապահության կարգն են  վերանայել, ինչի շնորհիվ հերթապահությունն ավելի անվտանգ է դարձել. «Այսօր առաջին գծում զինծառայողը չի կարող հակառակորդի կողմից խոցվի, եթե նա չխախտի անվտանգության կանոնները: Եվ դիվերսիոն հետախուզական խմբերը աննկատ չեն կարող ներթափանցել, անկախ նրանից` մեր զինծառայողները ինչպես են հերթապահությունը կատարում»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո Ղարաբաղում ռուսական խաղաղարար զորքերի տեղակայման մասին շրջանառվող լուրերին: Նախարար Հակոբյանը հայտարարել է, թե այդ հարցը չի քննարկվել եւ երբեւէ չի էլ քննարկվելու.  «Ղարաբաղի բանակը, պետությունը խաղաղապահ ուժերի կարիք չունի»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում