Երեք օր առաջ Էրդողանի նամակը եւ բանավոր ուղերձը Հայաստանի նախագահին հանձնելուց հետո ապրիլի 9-ին Թուրքիայի ԱԳՆ խորհրդական, Էրդողանի հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուն Բաքվում հանդիպել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ նրան փոխանցել Էրդողանի ուղերձը՝ ադրբեջաներենով:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Ֆերիդուն Սինիրլիօղլուն Էրդողանի կողմից Ալիեւին ուղղված նամակում տեղ գտած խոսքերը բանավոր կերպով Ալիեւին ադրբեջաներենով է ասել. «Մեր խոսքը խոսք է, բոլորովին մի անհանգստացեք»: Էրդողանի Ալիեւին ուղղված նամակում գրված է եղել. «Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշումը ոչ մի կերպ չի փոխվել, պարզապես ցանկանում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում: Սակայն ձեր շահերը մինչեւ վերջ ներկայացնելու ենք: Մեզ համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նաեւ ներառում է Ղարաբաղի խնդրի լուծումը: Մեր խոսքը խոսք է, բոլորովին մի անհանգստացեք»,-նշված է նամակում:




























