«Հայ-թուրքական գործընթացում հերթական փուլն է սկսվել ընդամենը եւ դրա հետ կապված ինչ-որ սպասումներ են առաջ եկել: Դրա համար ես ավելի շուտ կասեի, որ խնդիրը մի փոքր կոնկրետացել է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Վաշինգթոնում կայանալիք Սարգսյան-Էրդողան հանդիպման հնարավոր արդյունքներին, նման տեսակետ հայտեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը:
Հարցին, թե արդյո՞ք այդ հանդիպումով հնարավոր կլինի վերակենդանացնել հայ-թուրքական գործընթացը, նա պատասխանեց. «Կողմերը փորձում են իրենց դիրքորոշումները հստակեցնել. Օրինակ՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ունեն ինչ-որ պատկերացումներ, Թուրքիայի ղեկավարության վերջին հայտարարություններից նույնպես երեւում է, որ նրանք էլ չեն ուզում հաշտվել այն մտքի հետ, որ գործընթացը չի շարունակվելու: Առնվազն հայտարարում են, որ պատրաստակամ են շարունակել գործընթացը: Ուստի սա մի կոնկրետ իրավիճակ է, որից հետո պարզ կլինի, որ ուղղությամբ են զարգանալու իրադարձությունները»:
Դիտարկմանը, թե կա կարծիք, որ Թուրքիայի ակտիվացումը հայ-թուրքական գործընթացում կապված է բացառապես նրանով, որ մոտենում է ապրիլի 24-ը, որից հետո նորից գործընթացը կսառեցվի, Մ. Սարգսյանն արձագանքեց. «Պարզ է՝ հիմա պահն այնպիսին է, որ բոլոր կողմերն ուզում են այնպիսի քայլեր անել, որ իրենց շահերը չտուժեն: Թուրքերի համար ամենաէականն այն է, որ խոչընդոտեն ցեղասպանության ճանաչմանը: Բայց թե այդ նպատակին հասնելու համար նրանք ինչի՞ են պատրաստ, մենք կտեսնենք, երբ այս փուլն ավարտվի, ու հայտարարություններ արվեն դրանից հետո»:
Նրա խոսքով, սակայն, չի բացառվում, որ այս ընթացքում թուրքերը փոխեն իրենց կարծիքը: «Ես կարծում եմ, որ Թուրքիան հիմա նոր է հասկանում այն ողջ բարդությունը, որը ստեղծվել է հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված միջազգային արձագանքներում: Արեւմտյան երկրների վերաբերմունքը այս գործընթացին շատ լուրջ է: Թուրքերը գուցե սկզբում չէին սպասում, որ այս հարցի հետ կապված Արեւմուտքը նման խնդիրներ կստեղծի իր համար: Հիմա նրանք դա գիտակցում են եւ նաեւ այդ խնդիրներից ելնելով են քայլեր անում հայ-թուրքական գործընթացի հետ կապված»,- ընդգծեց փորձագետը:




























