Թուրքական Milliyet-ի վերլուծաբան Սեմիհ Իդիզը իր հրապարակման մեջ խորհել է հայ-թուրքական հարաբերությունների եւ Էրդողանի վերջին շրջանի դիվանագիտական ակտիվ քայլերի շուրջ:
«Էրդողանի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի այցը Երեւան, շաբաթվա ամենակարեւոր դիվանագիտական իրադարձություններից մեկն էր: Սակայն իհարկե ուշադրության է արժանի այն, որ Սինիրլիօղլուն Երեւանից հետո այլ ուղերձով մեկնեց Բաքու: Ստիպված ենք ասել, որ այս իրադարձությունները մարդու գլխում խառնաշփոթ են առաջացնում: Մենք գիտենք, որ դեռեւս առկա է Էրդողանի Բաքվին տված այն երաշխիքը, որ առանց ղարաբաղյան խնդրում առաջընթացի, արձանագրությունները թուրքական խորհրդարանում չեն վավերացվի: Բացի այդ, ազդանշան չկա էլ, որ Անկարան հրաժարվել է իր առարկություններից՝ կապված Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման հետ: Այսինք, թե՛ „ղարաբաղյան նախապայմանը“, թե՛ Հայաստանի ՍԴ-ի որոշումը հանգեցրել են արձանագրությունների սառեցմանը: Այս պահին դեռ հայտնի չէ հիշյալ խնդիրները ի՞նչ եղան: Միակ հայտնի բանը այն է, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կհանդիպեն Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Սերժ Սարգսյանը:
Էրդողանի այս դիվանագիտական թռիչքները հայտնի դարձան Ֆրանսիայի այցի ընթացքում եւ ԱՄՆ կատարելիք այցից առաջ: Թե՛ Ֆրանսիան, թե՛ ԱՄՆ-ը Թուրքիային ամենաշատ նեղած երկրներն են: Էրդողանի այս քայլերը եղան ապրիլի 24-ից առաջ, ինչը բնական բան է համարվում:
Էրդողանը Փարիզում որոշ կարեւոր խոսքեր ասաց. „Մենք արձանագրություններում մեր դրած ստորագրությանը հավատարիմ ենք“: Սակայն հենց Էրդողանն է արձանագրություններում չհիշատակվող ղարաբաղյան խնդիրը դարձրել նախապայման: Լավ, եթե Թուրքիան հավատարիմ է արձանագրություններին, ի՞նչ եղավ ղարաբաղյան նախապայմանը: Սինիրլիօղլուն գնաց Բաքու ասելու. „Կներեք, մենք այսքանը արեցինք“, թե՞ „Նրանց մի նայեք, մենք ձեզ տված խոսքին ենք հավատարիմ“: Իհարկե, հնարավոր է Սինիրլիօղլուն Բաքվում աշխատել է համոզել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանի համար կարեւոր է: Սակայն առանց Ղարաբաղի խնդրում առաջընթացի, Բաքվին այդ ամենը համոզելը շատ դժվար է երեւում: Եթե Էրդողանը վերջին դիվանագիտական իրարանցումը արել է ծանր իրավիճակից դուրս գալու նպատակով, ինչի համար մտածելու պատճառներ ունենք եւ դրանից դրական ինչ որ բան դուրս չեկավ, Թուրքիայի վրա ճնշումները ավելի կշատանան»-նշել է իր հրապարակման մեջ Սեմիհ Իդիզը:



























