«Եթե Էրդողանը վերջերս Փարիզում իր արած հայտարարության տրամաբանությամբ է Վաշինգթոնում հանդիպելու ՀՀ նախագահին, ապա ես կարծում եմ, որ առաջիկայում Թուրքիայի խորհրդարանը պետք է վավերացնի արձանագրությունները առանց նախապայմանների»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ-ական պատգմավոր Նաիրա Զոհրաբյանը, հիշեցնելով, որ մինչ օրս հայ-թուրքական գործընթացի էվոլյուցիայի ողջ ընթացքում հայկական կողմը խաղի որեւէ կանոն չի խախտել: «Պարբերաբար այն խախտել է թուրքական կողմը, փորձելով գործընթացը կապել ԼՂ խնդրի հետ: Դրա համար նա պարբերաբար արժանացել է ԵՄ-ի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հստակ գնահատականին, որ դրանք միմյանցից անկախ գործընթացներ են: Դրանով Թուրքիան իրեն դրել է փակուղային, պատային իրավիճակում եւ հիմա քայլը պատկանում է Թուրքիային»,- ընդգծեց նա:
«Միջազգային հանրության կողմից շատ բան է դրված խաղասեղանին եւ բնավ շահեկան վիճակում չի հայտնվելու այն պետությունը, որի պատճառով այս գործընթացը կտապալվի: Հստակ կարող եմ ասել, որ այդ պետությունը հաստատ Հայաստանը չի լինելու»,- վստահություն հայտնեց Ն. Զոհրաբյանը:
Իսկ հարցին, թե կհաջողվի՞ արդյոք, Օբամային ադրբեջանական գործոնը դուրս թողնել հայ-թուրքական գործընթացից, նա պատասխանեց. «ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հստակ ասել են, որ այդ երկու գործընթացները իրար հետ կապ չունեն ես հույս ունեմ, որ այս տեսակետը Օբաման կպնդի նաեւ վաշինգթոնյան հանդիպումների ժամանակ»:




























