«Հայ-թուրքական գործընթացը մեթոդաբանական առումով այնպիսի անթույլատրելի զարգացումներ է ստացել, որ հայ-թուրքական արձանգրությունները վավերացնելու համար ԱՄՆ կարող է ճնշումներ գործադրել թե՛ Հայաստանի, եւ թե՛ Թուրքիայի վրա. միաժամանակ, ես չեմ բացառում, որ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետի ամերիկյան հանդիպումը կարող է հանգեցնել արձանագրություների վավերացման»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է ԱՄՆ-ում կայանալիք Սարգսյան-Էրդողան հանդիպումը նոր ընթացք տալ կանգ առած հայ-թուրքական գործընթացին։
Նշելով, որ ինքը չի բացառում, թե հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար ԱՄՆ ճնշումներ կգործադրի միաժամանակ երկու կողմերի վրա էլ, նա հիշեցրեց, որ գործընթացի հետագա անցանկալի զարգացումներից խուսափելու համար «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկել է կա՛մ մի կողմ թողնել արձանագրությունները,եւ գործընթացը շարունակել պարզ նոտաների փոխանակությամբ, այսինքն՝ դիվանագիտական ներկայացուցչությունների բացմամբ եւ սահմանի ապաշրջափակմամբ, կա՛մ սկսել նոր բանակցություններ՝ ամեն ինչ սեղանի վրա սկզբունքով. «Այլապես, եթե անգամ այս արձանագրությունները ճնշումների տակ վավերացվեն, միեւնույնն է, դրանց հիմքի վրա ամուր շենք հնարավոր չի լինի կառուցել, եւ վաղ թե ուշ՝ երկու կողմերը կանգնելու են բազմաթիվ փակուղիների առաջ»,- համոզմունք հայտնեց Ս. Սաֆարյանը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ը շարունակում է նախկինի նման շահագրգռված մնալ հայ-թուրքական հաշտեցման գործընթացով. «Պատահական չէ, որ հայ եւ թուրք պաշտոնյաները ԱՄՆ հրավիրվում են միջուկային ծրագրերի քննարկումների շրջանակներում։ Միացյալ Նահանգների համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նաեւ իրանական ենթատեքստ ունի։ Կապված Իրանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության հետ՝ ԱՄՆ Թուրքիայի հետ չհարթված խնդիրներ ունի»,-նշեց ԱԺ պատգամավորը։
Ամփոփելով՝ Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ Թուրքիան ԱՄՆ-ում ակնհայտորեն կարողանալու է հաղթահարել ապրիլքսանչորսյան շեմը։ «Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալով՝ Թուրքիայի վարչապետն այս պահին ընդամենը մեկ խնդիր է լուծում՝ ցույց տալ աշխարհին, որ իր երկիրը շարունակում է շահագրգռված մնալ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործում»,- նշեց նա։
Հարցին, թե կհաջողվի՞ արդյոք ԱՄՆ նախագահ Օբամային հայ-թուրքական գործընթացից դուրս թողնել ադրբեջանական գործոնը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց. «Ո՛չ, սցենարն այնպիսին է, որ նման բան հնարավոր չէ»։




























