Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 11-ին ԱՄՆ մեկնելուց առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանի պետական հյուրատանը լրագրողներին հայտարարել է, որ վաշինգտոնյան այցի առաջնային թեման Հայաստանի հետ կապված զարգացումներն են, այդ թվում` Ղարաբաղի խնդրի կարգավորումը:

«Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելուց բացի հանդիպում եմ ունենալու նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Առաջնային թեման Հայաստանի հետ կապված զարգացումներն են: Իմ հատուկ ներկայացուցչին ե՛ւ Հայաստան, ե՛ւ Ադրբեջան ուղարկեցի: Իմ ուղերձները փոխանցեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: ԱՄՆ-ում առիթ է լինելու մեր աշխատանքները քննարկել»,- ասել է Էրդողանն ու հավելել. «Մենք ցանկանում ենք, որ Մինսկի եռյակը այս տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար ավելի ակտիվ լինի եւ արդյունքների հասնի: Մինսկի խմբի երկրների նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ վերջերս էլ Սակոզիի հետ եմ խոսել: ԱՄՆ-ում կրկին միասին ենք լինելու: Այս հարցը երկկողմ հանդիպումներում քննարկելու ենք։ Ֆրանսիայում Սարկոզիին ասացի, որ սահմանի բացումը խնդիր չէ, թող Մինսկի եռյակը իր պարտականությունը կատարի, ձեզ հետ միասին կարող ենք գնացքով կամ ավտոմեքենայով Թուրքիայից բաց սահմանով մտնել Հայաստան»,- հայտարարել է Էրդողանը: