Վաշինգթոնյան հանդիպումների առանցքային կետը առաջին հերթին լինելու է ԱՄՆ համար դեմքը փրկելու հարցը։ Այսօր` ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ու հավելել. «Ապրիլի 24–ին նախագահ Օբաման, կարծում եմ, կասի, որ իր գնահատականները բոլորը գիտեն, սակայն այն համատեքստում, որ հայ–թուրքական հարաբերությունները զարգացում են ապրում, և կխուսափի մեր կողմից սպասվելիք արտահայտություններն արտաբերելուց»։ Նա նշել է նաեւ, որ չի կարծում, թե Սարգսյան-Էրդողան հանդիպման արդյունքում կստորագրվի որեւէ փաստաթուղթ հայ-թուրքական կամ ԼՂ հարցերի վերաբերյալ:

Այդուհանդերձ, ըստ Զուրաբյանի, Հայաստանի վրա վրա ճնշումներ կլինեն, մասնավորապես՝ ԼՂ հարցում` տարածքների վերադարձի առումով:

Այնուհետեւ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, ՀՀՇ ղեկավարը նշել է, որ, իր կարծիքով, սխալ կլինի, եթե Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը արձանագրություններից: Նրա համոզմամբ, ճիշտը այդ արձանագրություններն առաջինը վավերացնելն է, քանի որ տրամաբանական չի լինի, եթե արձանագրությունների ստորագրումը դրական համարող Հայաստանը հանկարծ հրաժարվի իր ստորագրությունից:

Դիտարկմանը՝ եթե Հայաստանն առաջինը վավերացներ, ընդդիմությունը նաեւ այդ քայլն էր քննադատելու, Ա. Զուրաբյանը նկատել է, որ եթե իշխանությունը վստահ է իր գործողությունների ճշմարտացիության մեջ, ապա որոշ դեպքերում չպետք է ուշադրություն դարձնի, թե ինչ են ասում կողքից: