Այսօր կայանալիք Սարգսյան-Էրդողան հանդիպման ժամանակ ղարաբաղյան հարցը չի քննարկվելու, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով թուրքական կողմի այն հայտարարությունը, թե վաշինգտոնյան հանդիպման ժամանակ ղարաբաղյան հարցը քննարկվելու է Հայաստանի առաջնորդի հետ։
«Հայկական կողմը հայտարարել է, որ մտադիր չէ Թուրքիայի հետ քննարկել ղարաբաղյան հարցը, քանի որ այդ երկիրը խնդրի հանդեպ կողմնակալ վերաբերմունք ունի։ Կարծում եմ, որ Սարգսյան-Էրդողան հանդիպման ժամանակ ղարաբաղյան հարցը չի քննարկվի»,- հայտարարել է Շարմազանովը։
Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հնարավորության մասին՝ Շարմազանովը նկատել է, որ Սարգսյանի համաձայնությունը՝ հանդիպել Էրդողանի հետ, արդեն իսկ խոսում է հայկական կողմի բարի կամքի եւ Անկարայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին։ «Կարծում եմ, որ քանի դեռ բանակցությունները շարունակվում են, առաջընթաց կարող է գրանցվել ցանկացած փուլում. ամեն դեպքում գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է», նշել է նա։
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն իր հերթին անհանգստություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Սերժ Սարգսյանը, հակառակ իր հայտարարությունների, ընդունել է Վաշինգտոնում Էրդողանի հետ հանդիպելու առաջարկությունը։ «Թուրքիան Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին ցանկանում է Հայաստանի հետ երկխոսության իմիտացիա ստեղծել, որպեսզի խոչընդոտի Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին, իսկ Սարգսյանը, ընդունելով Էրդողանի առաջարկը, նպաստում է Անկարայի այդ քաղաքականությանը»,- նշել է Կարապետյանը։
Նա նաեւ անհանգստություն է հայտնել, որ Սարգսյանը համաձայնել է ղարաբաղյան հարցը քննարկել Էրդողանի հետ. «Եթե Սարգսյանը չհամաձայներ Էրդողանի հետ քննարկել ղարաբաղյան հարցը, նա կամ պետք է հրաժարվեր Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումից կամ էլ պետք է հերքեր այդ երկրի արտգործնախարար Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, թե Վաշինգտոնում Էրդողանն այդ հարցը կքննարկի ՀՀ նախագահի հետ»,- նկատել է Կարապետյանը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում այս օրերին գտնվում են Վաշինգտոնում։ Սարգսյան-Էրդողան հանդիպումը նախատեսված է այսօր երեկոյան։



























