Սպառողների իրավունքների պաշտպանության ճակատում շուտով համալրում կլինի՝ նոր հասարակական կազմակերպության տեսքով: Միաժամանակ այդ ոլորտում խնդիրները շատ են, ինչի մասին NEWS.am-ը զրուցել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հետ:

Սկզբում կարճ պատմեք ձեր կազմակերպության մասին:

Սպառողների միությունը, պատկերավոր ասած, այդ ոլորտում հասարակական շարժման հիմնադիրն է: Թեեւ մեր կազմակերպությունը պետական գրանցում է ստացել 1994-ին, իր գործունեությունը ծավալել է դրանից էլ առաջ: Բանն այն է, որ 1990-ականների ամենասկզբին հասարակական կազմակերպությունների մասին օրենքը դեռ չկար, ուստի մեր կազմակերպության պետական գրանցումը մի փոքր ուշացավ:

Ինչպե՞ս եք վերաբերում փաստին, որ սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպություններին ավալանալեւ է եւս մեկը: Շատ չէ՞ մեր փոքր երկրի համար:

Եթե հաշվի առնենք այդ ոլորտում աշխատանքի ծավալը, ապա նոր կազմակերպության ի հայտ գալը կարելի է միայն ողջունել: Նրանք կարող են գտնել գործունեության իրենց պրոֆիլը, իրենց տեղը զբաղեցնել այդ ոլորտում: Բայց, իհարկե, ծագում են նաեւ հարցեր:

Հայաստանում ժամանակին «գործել է» ընդհուպ մինչեւ 3,5 հազար ՀԿ, որը վերագրանցման գործընթացից հետո կրճատվել է հասնելով 2,7 հազարի: Այս թիվը եւս փոքր չէ:

Ի դեպ, «որոշները» պնդում են, թե սեփական կազմակերպություններում հազարավոր անդամներ ունեն: Եթե այդ «ցուցանիշը»  բազմապատկենք կազմակերպությունների թվի վրա, կստանանք մի թիվ, որն ավելին է Հայաստանի բնակչության թվաքանակից՝ ներառյալ նորածինները: Նման պնդումները պատահական չեն, քանի որ դրանք լուրջ փաստարկներ են գրանտներ ստանալու համար:

Եվրոպան մեզ կօգնի. ակամա հիշում ես մեծ կոմբինատորի  այս ատահայտությունը, երբ խոսքը մեր ՀԿ-ների  ֆինանսավորման մասին է:

Եվրոպայից բացի, օգնում է նաեւ մեր հայրենի պետությունը: Երեւում է՝ ոչ բոլորն են տեղյակ, որ կառավարությունը 500 մլն դրամ է հատկացրել ՀԿ-ների աջակցության համար: Սակայն, ցավոք,  մեր բյուջեի համար հսկայական այդ գումարը բաշխված է «անհասկանալի» կերպով: Առայսօր հրապարակված չէ՝ ինչ միջոցով են ընտրվել վերոնշյալ նախագծի շահառուները: Սակայն շիլան պարկում չես թաքցնի:

Շատերը գիտեն, որ այդ գումարի 74%-ը ստացել են չորս կազմակերպություններ, որոնց ղեկավարը… նույն մարդն է: Ընդ որում, այդ «հասարակական կազմակերպությունները» գրանցվել էին դրամաշնորհները ստանալու հենց նույն օրը:  Այնպես որ, միջոցները չբավականացնելու մասին խոսք լինել չի կարող: Պարզապես ցանկալի կլիներ այդ միջոցներից համարժեք արդյունք ունենալ, որը, ցավոք, չկա:  

Ժողովուրդն այն կարծիքին է, թե հասարակական կազմակերպությունները բառացիորեն դրամաշնորհների մեջ լող են տալիս:

Եթե դա այդպես է, ապա մեր Ասոցիացիային հաստատ չի վերաբերում: Կան, իհարկե,  կազմակերպություններ, որոնք կարողանում են օգտվել  ֆինանսավորման միանգամից մի քանի աղբյուրներից:  Մեզ մոտ, հակառակը, երկար ժամանակահատված է եղել, երբ աշխատել ենք միայն էնտուզիազմի շնորհիվ:  Իհարկե,  ֆինանսական միջոցներն անհրաժեշտ են: Առանց դրանց անհնար է իրականացնել բազմաթիվ միջոցառումներ, պատվիրել սննդամթերքի թանկ լաբորատոր ստուգումներ, մասնակցել դատավարություններին՝ պաշտպանելով սպառողների իրավունքները:

Ի դեպ, դատական գործընթացների մասին. հաճախ ասուլիսներում ՀԿ-ների ղեկավարները խիստ քննադատության են ենթարկում տուգանված կոմերցիոն ընկերություններին եւ անգամ պետական մարմիններին, բայց դատելով արդյունքներից, դրանով ամեն ինչ ավարտվում է:

Դուք իրավացի եք, շատ ՀԿ-ներ ցեն ցանկանում փչացնել հարաբերությունները ոչ որեւէ գործարարի, ոչ էլ պետական մարմինների հետ: Դրա համար է, որպես կանոն, կոնֆլիկտային գործերը դատարան չեն հասնում: Ինչ վերաբերում է մեր ասոցիացիային, ես կարող եմ հպարտությամբ նշել, որ 42 դատական գործընթացներից մենք շահել ենք 41-ը: «Օգտակար գործողության գործակիցը» ակնհայտ է: Անկեղծ ասած, կան կազմակերպություններ, որոնք խոսում են «հազարավոր» շահած գործերի մասին, բայց դա արդեն գիտաֆանտաստիկայի ժանրից է:

Ի՞նչ կցանկանաք մեր կայքի այցելուներին: Չէ որ նրանք բոլորը նաեւ սպառողներ են:

Ցանկանում եմ երջանիկ Նոր տարի, հաջողություններ: Իսկ նրանց՝ որպես սպառողների, իրավունքների խախտման դեպքում, կարող են դիմել մեր օգնությանը: Մենք էլ, մեր կողմից, կփորձենք ամբողջական օժանդակություն ցուցաբերել:

Զրուցեց՝ Սմբատ Գրիգորյանը

Լուսանկարը՝ Ասրեն Սարգսյանի/NEWS.am