«Երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերն, իմ կարծիքով, քննարկում էին ոչ թե հայ-թուրքական հարաբերությունները, այլ բանակցությունները տանում էին ղարաբաղյան հարցի կտրվածքով»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀՇ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը՝ մեկնաբանելով երեկ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում Վաշինգտոնում տեղի ունեցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ տեղի ունեցած հանդիպումը։
Նկատելով, որ այս անգամ եւս Թուրքիան ամենակոշտ կերպով փորձեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կապել ղարաբաղյան հարցի հետ, նա ընդգծեց, որ չնայած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկումներին, թե արձանագրություններում Ղարաբաղի մասին խոսք չկա, Թուրքիայի վարչապետը, միեւնույնն է, պնդեց, որ իր երկիրը պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները մինչեւ ղարաբաղյան հարցում առաջընթաց չգրանցվի։ «Կողմերը լրիվ անիմաստ մի եզրակացության են եկել՝ հանձնարարել երկու երկրների արտգործնախարարներին արագացնել արձանագրությունների վավերացման գործընթացը. սա լրիվ աբսուրդ է»,- նկատեց Հովհ. Իգիթյանը՝ ավելացնելով, որ գործընթացի հենց սկզբից Թուրքիան կարողացավ արձանագրությունների վավերացման հարցը կապել ղարաբաղյան հակամարտության հետ։ «Հայաստանը թույլ դիվանագիտության պատճառով կամա թե ակամա, այս հարցում օգնում է Թուրքիային»,- համոզմունք հայտնեց նա՝ նկատելով, որ միանգամից, աներկբայորեն ընդունելով Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման հրավերը՝ Սերժ Սարգսյանը շատ բաներում օգնեց վերջինիս։
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ շահեց երեկվա հանդիպումից հետո Հայաստանը, Հովհ. Իգիթյանն ընդգծեց, որ երեկվա հանդիպումներից հետո Հայաստանի՝ որեւէ բան շահելու մասին խոսակցությունները խիստ վտանգավոր են։
Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։




























