Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Ստամբուլի «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 8-ից 10-ը Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացել է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հերթական աշխատանքային հանդիպումը՝ «Միասին ֆիլմեր նկարահանենք» վերնագրով։ Երկու երկրում հայտարարվել էր կարճամետրաժ ֆիլմերի (խաղարկային, վավերագրական և անիմացիոն) նախագծերի մրցույթ։ Դրանք պիտի լինեին Հայաստանի և Թուրքիայի, երկու երկրների ներկայի և անցյալի, այնտեղ ապրող մարդկանց, նրանց հույզերի և երազանքների մասին։

Ստացված հայտերից ընտրվել է 10 նախագիծ, 5-ական` ամեն երկրից, որոնցից 4-ը ստամբուլյան հանդիպման արդյունքում պիտի ստանային զարգացման եւ նկարահանման համար դրամաշնորհ: Հայաստանը ներկայացնում էին հինգ երիտասարդ ռեժիսորներ` Դիանա Կարդումյանը, Մարիամ Օհանյանը, Գոռ Բաղդասարյանը, Արթուր Սուքիասյանը և Վարդան Դանիելյանը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ ծրագրի համակարգող Արծվի Բախչինյանը:

Ստամբուլում փորձագետների խումբը հայկական նախագծերից ֆինանսավորման է արժանացրել Դիանա Կարդումյանի «Գալաթա» և Գոռ Բաղդասարյանի «Հարևանները» ծրագրերը։ Առաջինը ստամբուլյան մի տեսարանի գեղարվեստական կինոպատկերումն է, իսկ երկրորդը ներկայացնում է հայ-թուրքական սահմանին գտնվող երկու գյուղ և դրանց բնակիչներին։ Եվս մեկ հայկական նախագիծ՝ Արթուր Սուքիասյան «Աղավնիների վարպետը»` Գյումրիում և Կարսում բնակվող աղավնապահների մասին, ստացել է մասնակի ֆինանսավորում։ Թուրքական կողմից լրիվ ֆինանսավորում են ստացել Գյուլենգյուլ Ալթընթաշի «Մի կորցրեք երեխաներին» խաղարկային կինոնկարի նախագիծը (սցենարիստներ՝ Կարապետ Օրունյոզ, Յուջե Յոնեյ), որ ներկայացնում է մի դրվագ Ստամբուլում գտնված Քեմփ Արմեն հայկական մանկական ճամբարի պատմությունից։ Մասնակի ֆինանսավորման արժանացավ Ջեմ Օզթուֆենքչիի և Մերյեմ Յավուզի «Ողջույն Հակոբից Շուքրուին» նախագիծը, որը պատմում է հայ-թուրքական սահմանին աշխատող հայ և թուրք երկաթուղայիննների մասին։

Աշխատանքային հանդիպման մասնակիցներից շատերը նախկինում մասնակցել էին «Ոսկե ծիրանի» նախաձեռնած միջոցառումներին եւ ծրագրերին, մասնավորապես «Ռեժիսորներ առանց սահմանների» եւ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարներին եւ աշխատանքային հանդիպումներին: Վերոհիշյալ Ջեմ Օզթուֆենքչին 2008-ին մասնակցել էր Երևանում կայացած Աբբաս Քիառոստամիի վարպետության դասերին եւ նկարահանել է ֆիլմ հայկական կինոխմբի մասնակցությամբ։

Նկարահանելիք բոլոր կարճամետրաժ ֆիլմերը կլինեն «Ոսկե ծիրանի» և «Անադոլու Քյուլթուրի» համատեղ արտադրությունը։ Նկարահանումները նախատեսվում է ավարտել մինչև 2011 թվականի հունվարի 30-ը։ Տարբեր թեմաներ ունեցող այդ կինոնկարները ծրագրված է համախմբել հայ-թուրքական կինոալմանախի ներքո։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-թուրքական համատեղ ֆիլմերը ցուցադրել 2011-ին Ստամբուլի միջազգային և «Ոսկե ծիրան» փառատոներում։

«Միասին ֆիլմեր նկարահանենք» ծրագիրը կզարգանա և իր տրամաբանական շարունակությունը կստանա Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սցենարների և նախագծերի զարգացման երկրորդ աշխատանքային հանդիպման ժամանակ, որը կկայանա «Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնի շրջանակներում (հուլիսի 11-18, 2010) և ամբողջովին կվերաբերի հայ-թուրքական համատեղ կարճամետրաժ ֆիլմերի արտադրությանը։ Օրերս կհայտարարվի հայտերի հավաքագրման հերթական փուլը։

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի 2010 թվականի գործունեությունը ֆինանսավորում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի 7-րդ անգամ` հուլիսի 11-18-ը: