Թուրքիան եւ Ադրբեջանը սովոր են իրենց հարաբերությունները կառուցել երրորդ երկրների հետ, եւ եթե այդ երկրների հայտարարությունները կամ գործողությունները դուրս են գալիս Բաքվի կամ Անկարայի պատկերացումներից, ապա նրանք լրացնում են երկու եղբայրական երկրների թշնամիների շարքը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով Բաքվի հակաամերիկյան վերջին հայտարարությունները։

Նրա խոսքով, Բաքվի նման արձագանքը պայմանավորված է այն փաստով, որ Ադրբեջանի նախագահը, ի տարբերություն իր հայ գործընկերոջ, միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում հրավիրված չէր Վաշինգտոն, ինչպես նաեւ այն պատճառով, որ ԱՄՆ չի համաձայնում հայ-թուրքական գործընթացը պայմանավորել ղարաբաղյան հարցով։ «Զայրույթի պոռթկման պահին Բաքուն ջանում է ցույց տալ Վաշինգտոնին, որ իրենից եւս որոշ բան է կախված՝ ուռճացնելով տարածաշրջանում ունեցած իր նավթագազային նշանակությունը։ Բաքուն նաեւ ակնարկում է, որ անհրաժեշտության դեպքում կակտիվացնի Մոսկվայի եւ Թեհրանի հետ հարաբերությունները՝ կարծելով, թե Վաշինգտոնը կվախենա դրանից։ Բայց առաջին իսկ հարմար պահին „գլխին ստանալու դեպքում“ Բաքուն միանգամից ուշքի կգա»,- խոստացել է փորձագետը։