Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարություն է տարածել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու Հայաստանի իշխանությունների որոշման վերաբերյալ:

Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշված է, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ծանոթացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման գործընթացի կասեցման վերաբերյալ:

«Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ողջունում է հայկական պետության ղեկավարի կողմից` ի նպաստ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր հանձնառության վերահաստատումը` հակառակ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացում մեկ եւ մյուս կողմի հանդիպած դժվարություններին»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիան նաեւ «Հայաստանի եւ Թուրքիայի իշխանություններին հորդորել է պահպանել երկխոսությունը եւ կրկնապատկել ջանքերը` արագորեն հասնելու հիշյալ արձանագրությունների իրագործմանը, ինչը նշանակալի նպաստ կբերի խաղաղությանն ու անվտանգությանը ողջ տարածաշրջանում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը՝ իր որոշումը հիմնավորելով Թուրքիայի պաշտոնյաների ապակառուցողական դիրքորոշմամբ ու արձանագրությունների վավերացումը ձգձգելու նրանց գործելաոճով: