ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, առավելապես ներքին սպառման համար նախատեսված քայլ էր: Նման կարծիք է հայտնել Հայաստանի նախագահի նախկին գլխավոր խորհրդական, ԱԳ նախկին փոխնախարար Ժիրայր Լիպարիտյանը` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Գործնականում Հայաստանն արդեն իսկ արձանագրությունների վավերացման գործընթացը ԱԺ-ում կասեցրել էր: Նորություն չկա` Հայաստանը դուրս չի գալիս այս գործընթացից, նախագահը իր ստորագրությունը պահում է, ասում է, որ խորհրդակցություները պետք է շարունակվեն. այս հայտարարությամբ պարզապես առկա քաղաքականությունը պաշտոնականացվում է: Բացի այդ, այս հայտարարությունը ներքին շուկայի համար էր»,-ասել է նա:
Ժ. Լիպարիտյանը նաեւ ուշադրություն է դարձրել Սերժ Սարգսյանի հայտարարության այն հատվածին, որտեղ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր թուրք պաշտոնակցին. «Նախագահ Գյուլին շնորահակալություն է հայտնում, այդ դեպքում` ո՞վ է պատասխանատուն: Այնտեղ մնում են վարչապետ Էրդողանն ու ԱԳ նախարար Դավութօղլուն: Կարծում եմ, որ Թուրքիայում քաղաքական երկու մոտեցում կա: Գյուլն ուզում է անջատել երկկողմ հարաբերությունների հարցը Ղարաբաղի խնդրից, իսկ մյուսները չեն կարողանում տարանջատել: Քաղաքական առումով դա, իհարկե, դժվար է, ինչպես հանրապետության ստեղծման առաջին տարիներին մեզ համար էր դժվար` Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ զարգացնելու առաջարկը, Ցեղասպանության հարցը երկկողմ հարաբերությունների հարցից անջատելը»:
Անդրադառնալով 90-ականների իրադարձություններին` Լիպարիտյանը նկատել է. «Սխալ է կարծելը, թե մինչեւ 1993 թվականը հայ-թուրքական սահմանը բաց էր: Խորհրդային տարիներին այդ սահմանը բացվում էր շաբաթը մեկ անգամ, որպեսզի մարդատար գնացքն անցնի դեպի Թուրքիա: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ գնացքն էլ դադարեց երթեւեկել: Հետագայում սահմանը բացվեց միայն մի քանի անգամ: 1992-ին հատուկ կարգադրությամբ թույլատրվեց, որպեսզի 52 հազար տոննա ցորենը, որ Եվրոպայից էր ուղարկվել, այդ սահմանով հասնի Հայաստան: Բացի այդ, մի քանի անգամ թուրքական կողմը սահմանը բացել է ինձ համար, որպեսզի ես կարողանամ բանակցությունների գնալ: Ընդհանրապես, հայ-թուրքական սահմանը փակ էր»:
Պաշտոնական Անկարայի եւ Երեւանի միջեւ բանակցությունների հետագա ձգձգումն էլ, ըստ Լիպարիտյանի, հազիվ թե բխի Հայաստանի շահերից. «Եթե մենք 10 տարի առաջ բարելավեինք հարաբերությունները Թուրքիայի հետ, իրավիճակը այլ կլիներ: Ես 6-7 տարի շարունակ բանակցել եմ թուրքերի հետ, եւ պատմաբանների ենթահանձնաժողովի հարց չի քննարկվել, Թուրքիայի կողմից նման նախապայման չի ներկայացվել: Երբ 10-15 տարի հետո ես ստորագրում այդ փաստաթուղթը, մի հավելյալ նախապայման է ի հայտ գալիս: Իսկ եթե սպասենք եւս 5-10 տարի, ես չգիտեմ` էլ ինչ նախապայման կարող է առաջ քաշվել»:
Անդրադառնալով ԼՂ խնդրին` Ժ. Լիպարիտյանը նշել է. «Իմ անձնական կարծիքն է, որ պետք է նախ արմատապես լուծել Ղարաբաղի հարցը, որից հետո արդեն մյուս հարցերը` Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի հետ: Հանգույցը Ղարաբաղում է: Հայ — թուրքական խնդիրն առավելապես հոգեբանական է: ԼՂ խնդրում էլ նման տարրեր կան, սակայն այդ հարցը ռազմավարական նշանակություն ունի»: Նրա տպավորությամբ, Սերժ Սարգսյանը` ի տարբերություն իր նախորդի, տարածաշրջանային հակամարտությունները լուծելու ցանկություն ունի:
«1998-ից հետո, երբ Քոչարյանն իշխանության եկավ, արդեն գիտեի, որ ո'չ հայ — թուրքական խնդիրն է լուծվելու, ո'չ էլ Ղարաբաղի հարցը: Քոչարյանը, իմ կարծիքով, ոչ մի հարց չպետք է լուծեր` հակառակ շատերի հույսերին, հատկապես` Վաշինգտոնում: Սա ինձ համար հստակ էր` ոչ միայն այն պատճառով, որ ես ճանաչում էի նրան, այլեւ հաշվի առնելով Քոչարյանի մտածելակերպը: Նախագահ Սարգսյանը Քոչարյանից տարբերվում է: Նա, սակայն, այնքան թուլացած է եւ, իմ կարծիքով, մտածելու ունակ այնքան սահմանափակ մարդիկ ունի իր շուրջը, որ չգիտեմ ինչ ձեւով պետք է գործի: Թեեւ կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, Սարգսյանը ցանկանում է լուծել խնդիրը», — նշել է Ժիրայր Լիպարիտյանը:




























