Հայաստանի ղեկավարության երեկվա որոշումներից եւ հայտարարություններից եզրակացությունը հետեւյալն է. Հայ-թուրքական գործընթացը չի դադարեցվել , եւ գնդակը նախկին պես թուրքական դաշտում է: Այդ մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, ներկայումս բոլոր խաղացողներն ակնկալիքները կապում են Թուրքիայի հետ, որն ինքը պետք է կողմնորոշվի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների հետագա ձեւաչափի շուրջ: «Հետ չկանչելով իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրությունների տակից՝ Երեւանը հասկացրեց, որ պատրաստ է աշխատել նախկին ձեւաչափով, այսինքն՝ հենվելով արձանագրությունների վրա»,- ասել է Իսկանդարյանը:

Փորձագետի կարծիքով, կարեւոր նշանակություն ունի ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում: Մասնավորապես՝ կառավարող կուսակցության վարկանիշն ընկնում է: Այդ համատեքստում դժվար է ինչ-ինչ լուրջ շարժումներ ակնկալել պաշտոնական Անկարայից՝ մինչեւ 2011թ. խորհրդարանական ընտրությունները:

«Ակնհայտ է, որ նախօրեին հնչեցված Հայաստանի դիրքորոշումը զգալիորեն համաձայնեցված է միջազգային միջնորդների հետ: Ավելին, գործընթացի սառեցման լուրջ նշաններ երեւում էին դեռ հունվարից: Մյուս կողմից, հասկացնելով թուրքերին, որ իրենց այդպես պահել չի կարելի, Հայաստանը պահպանեց բանակցությունների շարունակման հնարավորությունը»,- նկատել է փորձագետը: