Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին գրագետ եւ խելացի քայլ էր, սակայն հեթական անգամ Հայաստանի հանրությունը բախվեց կառավարող վարչախմբի խոսքի եւ գործի հակասությունների հետ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը;
«Նախագահի խոսքերը շատ համոզիչ էին, սակայն փաստն ակնառու է, Երեւանի ստորագրությունը դեռ դրված է հայ-թուրքական արձանագրությունների տակ, իսկ դա նշանակում է, որ մենք հաշտվել ենք Ցեղասպանության արդյունքների հետ եւ ճանաչում ենք Թուրքիայի ներկայիս սահմանները»,- ասել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հայ-թուրքական արձանագրությունները չի կարելի ընդունել ցանկացած տեսքով, քանի որ դրանք նախապայմաններ են պարունակում Ցեղասպանության եւ ղարաբաղյան հակամարտության հարցերով:
Նա շեշտել է, որ Հայաստանը սկզբնապես սխալ է թույլ տվել՝ մտնելով մի գործընթացի մեջ, որը լիովին բխել է Թուրքիայի շահերից: «Հայաստանի նախագահի հայտարարությունը նշանակում է մի բան՝ իշխանությունները գիտակցել են իրենց սխալը եւ փորձում են այն շտկել»,- ասել է նա՝ հավելելով, որ ստեղծված պայմաններում նախագահի քայլերը կարելի էր լավ ստրատեգին վայել քայլեր որակել, բայց լավ ստրատեգը չէր ընկնի նման ծանր դրության մեջ:
Ընդ որում, Հովհաննիսյանը շեշտել է, որ այդ հայտարարությունից հետո Հայաստանը պետք է ետ վերցնի իր ստորագրությունը եւ նոր գործընթաց սկսի Թուրքիայի հետ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման հիման վրա: «Եթե Անկարան եւ Բաքուն կրկին փորձեն պայմաններ առաջ քաշել, մենք համարժեք պատասխան կտանք, կպահանջենք Թուրքիայից Արեւմտյան Հայաստանը, իսկ Ադրբեջանից Նախիջեւանը, Գետաշենը, Մարտունաշենը, Շահումյանն ու Արծվաշենը»,- մանրամասնել է Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի՝ «որոշ ժամանակ անց Թուրքիան կվերադառնա բանակցային սեղանի մոտ՝ այդ քայլը որպես մեծ զիջում ներկայացնելով, իսկ հետո ականատես կլինենք ղարաբաղյան գործընթացի ակտիվացման: Պատահական չէ, որ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս հայտարարություն են տարածել»:




























