Թուրքիայի հայությունը գնահատանքով է հետեւում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնություններին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցյում նշել է Ստամբուլում հրատարակվող «ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու որոշումը:
«Թուրքիայի հայերը մեծ շահագրգռությամբ հետեւում են գործընթացին: Նրանց համար այդքան էլ մեծ անակնկալ չէ, որ գործընթացը կասեցվել է, որովհետեւ այն բարդ հանգրվաններ է նախատեսում, եւ դժվարություններով է պայմանավորված»,- նշեց թուրքահայ լրագրողը եւ հավելեց. «Տեսնում ենք, որ Հայաստանը լուրջ քայլերով ընթանում է՝ պահպանելով սկզբունքայնությունը եւ տարածաշրջանում կարեւորություն ապահովելու իր խնդիրը»:
Ըստ Գոչունյանի՝ թուրքահայ համայնքի համար էական է, որ Հայաստանը գործընթացից դուրս չի եկել, բայց «այս պահի հանգամանքներով վավերացումը կասեցվել է Երեւանի կողմից, եւ նախագահը հստակ ասել է, որ երբ Թուրքիան պատրաստ լինի վավերացնելու, այնժամ էլ Հայաստանը կվերանայի իր որոշումը»:
Արա Գոչունյանը նշեց նաեւ, որ վավերացումը կասեցնելու որոշումը որեւէ հետեւանք չի կարող ունենալ թուրքահայ համայնքի համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը՝ իր որոշումը հիմնավորելով Թուրքիայի պաշտոնյաների ապակառուցողական դիրքորոշմամբ ու արձանագրությունների վավերացումը ձգձգելու նրանց գործելաոճով:




























