Այսօր` ապրիլի 23-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ԱԺ-ում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում իտալական պատվիրակության ղեկավար, խորհրդարանի անդամ պարոն Ռիկարդո Միգլիորիի հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքականությանը, հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանն ու ղարաբաղյան հիմնահարցին վերաբերող հարցեր:
Արմեն Մարտիրոսյանը վերահաստատել է հայ-թուրքական արձանագրությունների անընդունելիության, մեծ ռիսկայնության եւ Արցախի կայացած պետականությունն ու ինքնիշխանությունը հարգելու եւ ճանաչելու կուսակցության անփոփոխ դիրքորոշումները:




























