Հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարող քաղաքական ուժերի պայքարը վերջապես տվեց իր արդյունքները: Այս մասին այսօր` ապրիլի 23-ին Երեւանում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, հավանաբար, Հայաստանում ամեն նոր իշխանություն, պետք է իր փորձով համոզվի, որ Թուրքիան չի փոխվել եւ չի ձգտում երկխոսության: «Սակայն մենք պետք է շարունակենք մեր պայքարը, որովհետեւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցված գործընթացը կարող է վերսկսվել ամեն պահի»,- ասել է նա ու հավելել. «Մեր վերջնական նպատակն է հասնել նրան, որ Հայաստանն ամբողջությամբ դուրս գա այդ գործընթացից, որովհետեւ դա վիրավորում է մեր ժողովրդի ու պետության արժանապատվությունը»:

ՀՅԴ ներկայացուցիչն ընդգծել է, որ սխալ է թուրքերի ու ադրբեջանցիների միջեւ ինչ-որ հակասություններ փնտրելը, քանի որ դրանք նույն ժողովուրդն են, որոնք ապրում է երկու պետություններում:

Նշենք, որ այսօր այսօր Երեւանում ժամը 20-ին մեկնարկել է հայ-թուրքական արձանագրությունների դեմ կազմակերպված հանրահավաքը: Չնայած վատ եղանակին, մառախուղին ու հորդառատ անձրեւին, հազարավոր մարդիկ պաստառներով ու եռագույններով հավաքվել են Մատենադարանի մոտ, որպեսզի իրենց բողոքը հայտնեն Թուրքիայի քաղաքականության դեմ, որը ժխտում է Ցեղասպանության փաստը, ինչպես նաեւ իրենց «ՈՉ»-ն ասեն հայ-թուրքական արձանագրություններին ու Թուրքիայի նախապայմաններին:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Երեւանն ու Անկարան հայտարարեցին երկկողմ հարաբերությունները կարգավորելու իրենց մտադրության մասին: Սակայն մեկ տարի անց ապրիլի 22-ին հայկական կողմը ստիպված էր հայտարարել, որ դադարեցնում է արձանագրությունների վավերացման գործընթացը, դա բացատրելով Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշմամբ եւ նրա կողմից գործընթացը ձգձգելով: Մասնավորապես՝ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կապում է ԼՂ խնդրի հետ: