Չնայած 1915թ. հրեշավոր ոճրագործությանը՝ հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ եւ ստեղծեց իր պետականությունը: Այդ մասին ապրիլի 23-ին Երեւանում կայացած հանրահավաքում հայտարարել է ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: «Թուրքիայի վարչապետ Էրդողանն օրերս հայտարարեց, թե մահմեդականներն ի վիճակի չեն ցեղասպանություն գործելու, բայց մենք խնդիրներ չունենք մահմեդականների հետ: Մենք երախտապարտ ենք այն մահմեդական ժողովուրդներին, որոնք Ցեղասպանության տարիներին փրկեցին եւ ապաստան տվեցին հարյուր հազարավոր հայերի»,- հայտնել է Շահբազյանը:

Նրա խոսքով, այսօրվա Թուրքիայի խնդիրն այն է, որ այսօր էլ շարունակում է մշակութային ցեղասպանությունը, ոչնչացնում է Արեւմտյան Հայաստանի տարածքում հայ ժողովրդի գոյության վերջին հետքերը: «Եւ մենք երբեք չենք մոռանա կատարված հանցագործությունը»,- հայտարարել է Շահբազյանը:

Իր հերթին «Ռամկավար-ազատական» կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը նկատել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցը Հայաստանում պետք է առիթ դառնա Ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարում քաղաքական ուժերի համախմբման համար:

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, որ հայ-թուրքական հարցում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը մեկ տարի շարունակ ժողովրդին պահում էր «սարսափելի լարվածության մեջ»: «Հայաստանի իշխանությունները կարող էին Ցեղասպանության ճանաչմանը միտված քաղաքականություն վարել, սակայն վերջին մեկ տարում նրանց գործողությունները եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը վերջնարդյունքում հանգեցնելու են Լեռնային Ղարաբաղի հարցում ճնշումների ավելացման: Մենք պետք է հետեւողական հասնենք արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետկանչման»,- հայտարարել է Արամ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Երեւանն ու Անկարան հայտարարեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին: Սակայն մեկ տարի անց հայկական կողմը ստիպված էր հայտարարել արձանագրությունների վավերացման կասեցման մասին՝ դա պատճառաբանելով Թուրքիայի իշխանությունների ապակառուցողական դիրքորոշմամբ: