Երեւանում ապրիլի 23-ի երեկոյան սկսվել է ջահերով սգո երթը դեպի1915-23 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Այս տարի, ինչպես եւ անցած տարիներին, երիտասարդությունն այրել է թուրքական դրոշը: Այդ ավանդական քայլով էլ սկսվել է երթը: Չնայած եղանակային վատ պայմաններին՝ մառախուղին եւ անձրեւին, հազարավոր մարդիկ՝ ջահերով, պաստառներով եւ ազգային խորհրդանիշներով, քաղաքի կենտրոնական փողոցներով քայլում են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ի նշան հարգանքի առ 1,5 միլիոն հայերը, որ սպանվեցին թուրքերի ձեռքով: Շատ տներում հանգցված է լույսը, իսկ պատուհաններին մոմեր են վառվում:
Նշենք, որ այսօր երեկոյան Երեւանում տեղի է ունեցել հանրահավաք՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների դեմ: Մարդիկ պաստառներով եւ հայկական եռագույնով հավաքվել էին Մատենադարանի շենքի մոտ՝ իրենց ձայնը բարձրացնելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի քաղաքականության դեմ, նաեւ «Ոչ» ասելու հայ-թուրքական փաստաթղթերին եւ Թուրքիայի գործողություններին:




























