Անկարայի համար արձանագրություների վավերացումը կասեցնելու վերաբերյալ Երեւանի որոշումը անակնկալ չէր: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա հայտարարել է նաեւ, որ Թուրքիան ձգտում է «զուգահեռ խորհրդարանական վավերացում»` կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ, ինչը թույլ կտա դուրս գալ փակուղուց:

Հիշեցնենք, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Երեւանը չեն վավերացրել արձանագրությունները: Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես՝ ղարաբաղյան հարցում, որոնք անընդունելի են Հայաստանի համար:

«Մեզ համար դա անսպասելի չէ»,- Hurriyet Daily News-ին ասել է Դավութօղլուն. «Հայաստանը միակողմանի որոշում է կայացրել իր ներքին գործընթացների արդյունքում: Սակայն դրական է, որ նրանք հաստատել են, թե շարունակում են գործընթացը»:

Նախարարը նաեւ երկու երկրներում առավել բարենպաստ եղանակի հույս է հայտնել` ասելով, որ «եթե մինչեւ վերջ հասցվի գործընթացը, դա դրական կազդի կողմերի, նաեւ տարածաշրջանի վրա»:

«Մեզ համար կարեւոր է զուգահեռությունը: Կարեւոր չէ, թե երբ կկայանա վավերացումը: Կարծում եմ` հնարավորությունը դեռ բաց է: Ես տեսնում եմ, թե ինչ բարդությունների են բախվում Սարգսյանն ու Հայաստանը: Բայց Թուրքիայի մտավախությունները պետք է ճիշտ վերլուծվեն»,- ասել է Դավութօղլուն: