«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղում էր, եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ փակուղուց դուրս բերվեց»,- Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու հավելել, որ դա ճիշտ ճանապարհ էր, իսկ «ճիշտ ճանապարհները փակուղի չեն տանում»:
«Վերջին ժամանակահատվածը նման էր մի ավազի ժամացույց շրջելուն, եւ ամեն ավազահատիկ ընկնելուց թե՛ մենք, թե՛ միջազգային հանրությունը կորցնում էր հավատը, վստահությունը Թուրքիայի հանդեպ: Եթե Թուրքիայի կողմից նորից լինեն արժանահավատ խոսք, արժանահավատ գործ, ապա կլինեն համարժեք քայլեր մեր կողմից»,- ասել է նա:
Անդրադառնալով արտաքին քաղաքականության շարունակականությանը՝ Է. Նալբանդյանը նշել է. «Երբ խոսքը գնում է արտաքին քաղաքականության շարունակակության մասին, դա չի նշանակում, որ պետք շարունակել սխալները: Պետք է չկրկնել սխալները, եւ հենց այդ տրամաբանությամբ էր, որ ՀՀ նախագահը սկսեց այս գործընթացը: Եւ ինչպես բազմիցս ասվել էր, մենք ինչ-որ ասել ենք, դա էլ արել ենք: Եվ երբեւէ չենք ասել այն, ինչ որ չենք կարող անել»:
Ինչ վերաբերում է տեսակետին, թե այս գործընթացով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը խոչընդոտվում էր, Է. Նալբանդյանը նշել է. «Կասեի հակառակը: Նախ եւ առաջ խոչընդոտ չի կարող լինել, եւ եթե տեսնենք այս վերջին երկու տարվա ընթացքում, ապա Ցեղասպանության վերաբերյալ հրապարակումները, մեկնաբանությունները, քննարկումները, ուշադրությունը աշխարհով մեկ բազմապատկվել են մի քանի անգամ: Եթե վերցնենք միայն այս վերջին մեկ ամսվա ընթացքում, ապա այո` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ, Շվեդիայի եւ Կատալոնիայի օրենսդրական մարմիններ եւ այլ հարթակներ, որտեղ այդ հարցը քննարկվեց: Եվ նաեւ ամենակարեւորը, այն փոփոխությունները, որոնք Թուրքիայում են եղել այս վերջին շրջանում: Գիտեք որ 2008 թ. դեկտեմբեր ամսին թուրք մտավորականները շարժում սկսեցին՝ ներողություն հայցելով հայ ժողովրդից: Մոտ 35 հազար թուրք միացան այդ կոչին: Երկու օր առաջ, ապրիլի 24-ի կապակցությամբ, առաջին անգամ Ստամբուլի կենտրոնական հրապարակում կազմակերպվեց հիշատակի միջոցառում` նվիրված ապրիլի 24-ին: Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում համեմատած նախկին շրջանի հետ բազմապատկվել են թուրքերի այցելությունները Ցեղասպանության հուշահամալիր: Այսինքն անգամ Թուրքիայում, այո սառույցը կոտրվել է: Սա է այս գործընթացի իրականությունը»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ միջնորդ երկրները, ժամանակ առ ժամանակ փորձեն առիթներ ստեղծել այս խնդրի տարբեր ձեւաչափերով քննարկումների համար, եւ դա օգտագործվի Թուրքիայի կողմից` ցույց տալու համար ամբողջ աշխարհին, որ Հայաստանի հետ իբրեւ թե կան բանակցություններ, նախարարը պատասխանել է. «Հայաստանը երբեւէ չի մասնակցի պրոցեսին՝ պրոցեսի համար, բանակցություններին՝ բանակցությունների համար: Մենք սկսեցինք այս գործընթացը, բանակցություններ վարեցինք, նախաստորագրեցինք, ապա ստորագրեցինք արձանագրությունները եւ դրանք հիմա սպասում են վավերացման:
Երբ կլինի, մեծ հարց է իհարկե, բայց նոր բանակցություններ վերսկսելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում: Հիշեցնեմ, որ 2009թ. մայիս ամսին թուրքական կողմը, նախաստորագրումից հետ, բավարարված չզգալով արձանագրությունների բովանդակությամբ, փորձեց նոր բանակցություններ սկսել: Եվ այդպիսի մի քանի առաջարկ եղավ ինձ: Այդ ինչ է նշանակում: Բանակցել ենք, նորից բանակցենք, ստորագրում ենք՝ չենք ստորագրում, վավերացնում ենք՝ չենք վավերացնում: Այսինքն. հո տուն-տունիկ չենք խաղում:
Առավոտյան ասում են՝ կարող ենք վավերացնել երեք օրում, երեկոյան ասում են՝ չենք կարող վավերացնել: Մյուս առավոտ ասում են՝ մենք հարգում ենք pacta sunt servanda սկզբունքը: Ինչպե՞ս հասկանանք: Միջնորդ չենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց մենք ուզում ենք բանակցել ձեր միջեւ, որպեսզի հարցեր լուծենք: Ասում են նախապայմաններ չկան, բայց արեք այս, այն, հետո մենք կգնանք վավերացման: Տարբեր լեզուներով ենք խոսում, եւ դժվար թե որեւէ մեկը հասկանա այդ լեզուն»:




























