«Թուրքական դիվանագիտության դարավոր փորձի եւ հանճարեղության առասպելներից վախեցած մարդիկ կարծեմ վերջապես հասկացան, որ թագավորը մերկ է»,- հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտնի հայտարարությանը՝ Թուրքիայում իբր ապօրինի ապրող 100 հազար հայերի արտաքսման մասին:
Հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը դրան չի արձագանքել, նա պատասխանել է. «Իրականում, երբեմն պետք է լռել: Հատկապես երբ զրուցակիցդ, որը փորձում է քեզ դժվար կացության մեջ դնել, այնպիսի բաներ է ասում, որ այդ կարգի հայտարարությունները իր դեմ կարող են շրջվել: Այդ ժամանակ միգուցե ավելի լավ է լռել, որ զրուցակիցդ ինքնաարտահայտվի մինչեւ վերջ: Գիտեք, Թուրքիայում էլ կան որոշ գործիչներ, որոնք հասկանում են:
Վերջերս Թուրքիայի նախագահ Գյուլը ասաց, որ լավ է, լուռ դիվանագիտություն վարել, կարծեմ դա ուղղված է հենց նրանց, ովքեր հայտարարություններ անելու սիրահար են»:
Ինչ վերաբերում է Իրանի առաջարկին` մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Նալբանդյանն արձագանքել է. «Ես կարող եմ ասել, որ Իրանը ցանկություն է հայտնել օգնել, աջակցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, եւ դա միանգամայն ողջունելի է: Եվ նաեւ գնահատելի է Իրանի հավասարակշիռ մոտեցումը, որը դրսեւորվել է տարիներ շարունակ Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ»:
Անդրադառնալով թուրքական տեսակետին, թե տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման հասնելու համար հայ-թուրքական եւ ԼՂ խնդիրները պետք է դիտարկել միասին, Է. Նալբանդյանն ասել է. «Եթե մեկը ցանկանում է իր շենքում ապրող հարեւանի հետ հարաբերությունները կարգավորել կամ նորմալ հարաբերություններ ունենալ, չի նշանակում, որ շենքի բոլոր պրոբլեմները պետք է լուծի, կամ թաղամասի բոլոր պրոբլեմները պետք է լուծի: Եվ եթե այդ տրամաբանությունից ելնենք, ուրեմն մենք էլ թուրքերին պետք է ասենք, գիտեք, լուծեք ձեր հարցերը Կիպրոսի հետ, քրդական հարցը լուծեք, բազմաթիվ այլ հարցեր, հետո կանդրադառնանք հայ-թուրքական հարաբերություններին: Այդ տրամաբանությամբ կարող ենք Աֆղանստանից մինչեւ Սուդան կամ աշխարհի այլ հարցերի միաժամանակ լուծում պահանջել: Չեմ կարծում, որ դա տրամաբանական մոտեցում է»:




























