Հայ-թուրքական գործընթացը Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանն են ձեռնարկել, նրանք են գաղտնի կերպով տարել բանակցությունները. այդ քաղաքականության հեղինակը հենց նրանք են, այնպես որ զարմանալի է, որ Օսկանյանն իրեն որեւէ կերպ թույլ է տալիս քննադատել Սերժ Սարգսյանին։ Նման հայտարարությամբ արիլի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկավ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Նշելով, որ «սխալների կույտ» ունի նաեւ Սերժ Սարգսյանը, նա նկատեց, որ ստեղծված իրավիճակում վերջինիս խորհուրդներ տալը շատ դժվար է. «Բայց մենք չենք էլ պատրաստվում խորհուրդներ տալ նրան»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական կործանարար գործընթացի մեջ մտել է՝ իրավիճակը նախապես ճիշտ հաշվարկելով. «Նա հաշվարկել է, որ սրանով ձեռք կբերի միջազգային հզոր աջակցություն. այսօր միջազգային հանրությունն արժեւորում է նրան, որովհետեւ Հայաստանի ոչ մի նախագահ այսպիսի զիջումների դեռ չէր գնացել»,- ընդգծեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգողը։
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը երկիրը ղեկավարում է երկու գործոնների շնորհիվ՝ բռնության կիրառմամբ եւ միջազգային հանրության աջակցությունն ունենալով. «Ազգային համերաշխությունը ցանկացած ազգի համար արտաքին մարտահրավերները դիմագրավելու լավագույն միջոց է, դրա համար վարչակազմը պետք է դադարեցնի սեփական ժողովրդի դեմ պատերազմը։ Դրան ուղղված առաջին քայլը քաղբանտարկյալների ազատումը կլինի, ինչից հետո էլ հնարավոր է իշխանության եւ ընդդիմության միջեւ բանակցություններ սկսվեն»,- ամփոփեց Զուրաբյանը։
Նշենք, որ երեկ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը անդրադարձել է հայ-թուրքական գործընթացում վերջին զարգացումներին եւ քննադատել Նախագահ Սերժ Սարգսյանին` նշելով, որ հայ-թուրքական գործընթացը կասեցնելու քայլով իշխանությունները Հայաստանի համար ընտրեցին ամենավատ տարբերակը:




























